Ադրբեջանում շիա գործիչների նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Ադրբեջան շիա հոգևորական Ահլիման Ռուստամովը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ին։ Լուսանկարը՝ Թուրանի:

Իսմի Աղաև, Բաքու OC Media

Շիա աստվածաբանն Ադրբեջանում վերջին ձերբակալվածն է՝ երկրում ականավոր շիա գործիչների դեմ բացահայտ հետապնդումների շարքում:

Աստվածաբան և Բաքվի Հաջի Ջավադ մզկիթի նախկին աղոթապետ Ահլիման Ռուստամովը ձերբակալվեց հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և տեղափոխվեց հարցաքննության, որից կարճ ժամանակ անց ազատ արձակվեց:

Նրա որդին՝ Հասան Ռուստամովը, OC Media-ին հայտնել է, որ անվտանգության ծառայության գործակալները առգրավել են «մոտ 15 կրոնական գիրք», որոնք պատկանում են հորը։ «Մեզ չեն ասել, թե ինչու են ձերբակալել նրան»,- ասել է կրտսեր Ռուստամովը:

Ռուստամովի ձերբակալությունը վերջին ձերբակալություններից է, որոնք Ադրբեջանում ոմանք կապում են Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության հետ: Չնայած երկու երկրներում բնակչության մեծամասնությունը շիա է, Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունները նախկինում ևսկասկածանքով էին վերաբերվում կրոնական գործիչներին։

Հոկտեմբերի 19-ին ձերբակալվեցին Սարդար Բաբաևը, Ջալալ Շաֆիևը, Գադիր Մամեդովը և Թամկին Ջաֆարովը, որոնք բոլորը Հոգևորականների միության անդամ են՝ կազմակերպություն, որն Ադրբեջանում ներկայացնում է շիա աստվածաբանների և կրոնական գործիչների։

Hարազատները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ առգրավել է նրանց հեռախոսներն ու նոթբուքերը:

Աստվածաբան և ականավոր շիա կղերական Իլգար Իբրահիմօղլուն, որը նաև Կրոնի և խղճի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահն է, նույնպես ձերբակալվել է հոկտեմբերի 19-ին և ազատ արձակվել հարցաքննությունից մի քանի ժամ անց։

Շաֆիևին, Մամեդովին և Ջաֆարովին հոկտեմբերի 26-ին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու։ Սարդար Բաբաևը, մինչդեռ, մնում է կալանքի տակ, նրան պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Բաքվի Մասալիի շրջանի Ջումա մզկիթի իմամ Բաբաևը ավելի վաղ երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել 2017-ին կրոնական արարողությունների անցկացման պահանջները խախտելու մեղադրանքով: Նա ազատ արձակվեց 2020-ի փետրվարին։ Ադրբեջանի իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել ո՛չ ձերբակալությունները, ոչ էլ Բաբաևին առաջադրված մեղադրանքները։

Լարվածություն Իրանի հետ հարաբերություններում

Ձերբակալությունները տեղի են ունենում ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Հոկտեմբերին սկզբին Իրանը զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանի մոտ, իսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Բաքվի հասցեին քողարկված սպառնալիքներ հնչեցրեց՝ ակնհայտորեն կապված Ադրբեջանում իսրայելական «գործակալների» ենթադրյալ ներկայության հետ: Դրանից կարճ ժամանակ անց Ադրբեջանը փակեց Բաքվում Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը՝ իբր որպես COVID-19-ի դեմ ուղղված միջոց։

Տե՛ս նաև՝ Բառակռիվ Իրանի ու Ադրբեջանի միջև․ Խամենեի քողարկված սպառնալիքները Բաքվին

Ադրբեջանում որոշ գործիչների համոզմամբ՝ ձերբակալությունները վկայում են Բաքվի իշխանությունների այն համոզման մասին, որ Ադրբեջանի շիա հոգևորականները կապ ունեն Իրանի անվտանգության ծառայությունների հետ:

Քաղաքական վերլուծաբան և նախկին ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարդուշտ Ալիզադեն Turan գործակալությանն ասել է, որ ձերբակալությունները, ամենայն հավանականությամբ, «ուղղակիորեն կապված են» Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ: «Թե՛ խորհրդային տարիներին, թե՛ անկախությունից հետո նման ձերբակալություններ եղել են»,- ասել է նա։

«Ես չեմ կարծում, որ մի քանի աստվածաբան պետական հեղաշրջում կկազմակերպի Ադրբեջանում։ Իհարկե, նման պատկեր ստեղծում են, իսկ հասարակությունն արդեն սովորել է դրան։ Եթե պետության անվտանգության սպառնալիք կար, ինչո՞ւ անվտանգության միջոցներ ավելի վաղ չէին ձեռնարկվում»։

«Երբ Իրանի հետ հարաբերությունները փչացան, կրկին ձերբակալվեցին «նրանք, ովքեր ծառայում են Իրանին», որպեսզի հանրության աչքում ստեղծեն իրենց ցանկալի պատկերը»,- ասել է Ալիզադեն:

Մեկնաբանել