«Վրացական երազանքը» բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում

Թբիլիսի Վրացական երազանք հանրահավաք

Հոդվածը՝ Թաթա Շոշիաշվիլիի, OC Media

«Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքը՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում, լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլի/OC Media։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կազմակերպած վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Թբիլիսիի Ազատության հրապարակում և Ռուսթավելիի պողոտայում։

Չորեքշաբթի տեղի ունեցած հանրահավաքին ելույթ են ունեցել կուսակցության բոլոր հայտնի դեմքերը, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կուսակցական առաջնորդներն իրենց ելույթներում դատապարտել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության ժամանակահատվածը՝ այն ժամանակվա իշխանությանը համարերով «բռնատիրական ռեժիմ», իսկ կուսակցության հիմնադիր, վերջերս ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անվանել «բռնապետ»:

Կախա Կալաձեն, եզրափակելով հանրահավաքը, վրացիներին կոչ է արել շաբաթ օրը կայանալիք ընտրությունների ժամանակ «վերջապես հաղթել չարին»:

Հոկտեմբերի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իշխող կուսակցությանը երկրորդ փուլ է սպասվում երկրի բոլոր հինգ ինքնակառավարվող քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ Կախա Կալաձեն մրցում է «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի հետ:

Չորեքշաբթի օրվա հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են երեքշաբթի կեսօրին, ինչի հետևանքով փակվել էին մայրաքաղաքի մի քանի տասնյակ փողոցներ՝ առաջացնելով լայնամասշտաբ խցանումներ։

Հանրահավաքի մասնակիցներից շատերը, ըստ երևույթին, Վրաստանի շրջաններից մայրաքաղաք էին բերվել ավտոբուսներով, իսկ Ազատության հրապարակի հարակից փողոցներում կայանված միկրոավտոբուսների շարքերը կիլոմետրերի էին հասնում։ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ մասնակիցներից շատերը հանրային ոլորտի աշխատողներին էին կամ պետական ծառայողներ։

«Պիրվելի» հեռուստաընկերությունը, որը պարբերաբար քննադատում է Վրաստանի իշխանություններին, հաղորդել է, որ հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց 50 լարի (15 դոլար) են վճարել:

Հոկտեմբերի 2-ին Թբիլիսիում կայացած ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում Կախա Կալաձեն հավաքել է 45% ձայն, իսկ Նիկա Մելիան՝ 34%։

Թբիլիսիում «Վրացական երազանքի» կազմակերպած հանրահավաքին զուգահեռ նույն օրը «Միացյալ ազգային շարժում»-ը հանրահավաք է արել Վրաստանի արևմտյան Սամեգրելո նահանգի մայրաքաղաք Զուգդիդիում՝ կոչ անելով ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին, որը հացադուլ է անում արդեն մոտ մեկ ամիս։

Թեև Զուգդիդիի հանրահավաքին մի քանի հազար մարդ էր մասնակցում, այն պակաս մարդաշատ էր, քան «Միացյալ ազգային շարժման» նախորդ հանրահավաքը հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում, որի ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ հեղեղել էին մայրաքաղաքի փողոցները:

Մեկնաբանել