Պատերազմից մեկ տարի անց․ հայացք Բաքվից և Երևանից

Nagorno Karabakh war Լուսանկարը՝ OC Media-ի

Իսմի Աղաև, Բաքու և Անի Ավետիսյան, Երևան OC Media (հոդվածը հրապարակվել է 2021-ի սեպտեմբերի 27-ին)

OC Media-ի Ադրբեջանի թղթակից Իսմի Աղաևը և Հայաստանի թղթակից Անի Ավետիսյանն իրենց անձնական մտորումներն են ներկայացնում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի բռնկման տարելիցի կապակցությամբ։

Իսմի Աղաև. Հաղթանակի դառը պտուղները

Մեկ տարի առաջ այսօր ադրբեջանցիները, այդ թվում՝ ես, տեղեկացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի մասին, որն ամենամեծն էր վերջին 30 տարվա ընթացքում։ Ավելի ուշ մենք այս «էսկալացիան» կոչեցինք իր նոր անունով՝ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմ»։ Այն տևեց 44 օր և ողբերգական ավարտ ունեցավ հազարավոր մարդկանց համար երկու կողմում էլ:

Հնարավո՞ր է արդյոք, որ մարդիկ ընտրեն պատերազմը: Դժվար է ասել, թե արդյոք կարո՞ղ են դրական պատասխան տալ այս հարցին մարդիկ, որոնք կորցրել են հարազատներին, կամ նրանք, ովքեր ողջունել են պատերազմից տուն վերադարձած, բայց անդառնալիորեն փոխված վետերաններին:

Դժվար է ասել, թե արդյոք յուրաքանչյուր ադրբեջանցի անհատապես,- ոչ թե, երբ հայտնվում է ազգայնական զանգվածային էյֆորիայի հորձանուտում, ինչին պատերազմի ժամանակ ականատես եղանք Ադրբեջանում գրեթե ամենուր,- կարո՞ղ է հաստատ պատասխանել, որ կցանկանար, որպեսզի հակամարտությունը լուծվեր նման բռնի և բացարձակապես անմարդկային ճանապարհով:

Շատ-շատերի համար դա «ուրիշների» պատերազմ էր, հատկապես նրանց, ովքեր ամենաբարձրն էին խոսում դրա օգտին: Սակայն այդ ուրիշները, որոնք ստիպված էին կրել էյֆորիայի բեռը, մնացել են անտեսված։ Միայն հունիսին Ադրբեջանում այս պատերազմի ութ մասնակից է ինքնասպան եղել այն բանից հետո, ինչ զգացել և տեսել է պատերազմի ժամանակ։

Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ

Երբ պատերազմն սկսվեց, շատերը ցնցվեցին, իսկ շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչ է կատարվում։ Դա սպասելի էր։ Շարունակվում էր շուրջ երեք տասնամյակի դիվանագիտական անհաջող աշխատանքը, որը հիմնականում գաղտնի էր պահվում հայ և ադրբեջանցի հանրությունից, ու ենթադրվում էր, որ պատերազմը միայն պետք է լիներ վերջին միջոցը:

Սակայն երկար տարիների ընթացքում դիվանագիտության այս ձախողումները դրսևորվեցին ոչ միայն որպես անպտուղ արտաքին քաղաքականություն, այլև թունավորեցին երկրի ներքին մթնոլորտը։

Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում կրած պարտության տրավման դարձավ նրանց ազգային ինքնության մի մասը՝ որպես ադրբեջանցիներ, ինչպես նաև խաղաքարտ, որը կարող էր և իրականում գործի դրվեց երկրի ղեկավարության կողմից։ Այս տրավման և դրա կիրառությունն ու չարաշահումները ադրբեջանական հասարակությունում չեն հանդուրժում որևէ այլ դիրքորոշում, քան ազգայնականությունն ու միլիտարիզմը. յուրաքանչյուր ոք, ով հավատում էր որևէ այլ բանի, պարզապես «դավաճան» էր:

Ահա թե ինչու տնտեսական և սոցիալական աճող ճգնաժամի պայմաններում, որը սրվել էր համաճարակի պատճառով, պատերազմն իր հետ բերեց ոգևորություն և երևակայություն: Հարցը, թե ինչպիսին կարող է լինել կյանքը պատերազմից հետո, բացեց երևակայության դարպասները մշուշոտ, բայց ավելի լավ ապագա պատկերացնելու համար, մի բան, որն ադրբեջանական հասարակությանը դուրս կհաներ լճացումից:

Բայց այդ ամենը գոյություն ունի իրականում, և բոլոր երևակայությունները պետք է առերեսվեն իրականության հետ: Նոր տարածքները նշանակում են վերակառուցման համար անհրաժեշտ նոր գումարներ, և հաղթանակի իրական «գնի» մասին գաղափարն այժմ իր ստվերն է գցում Ադրբեջանի վրա։ Մենք արդեն տեսնում ենք դրա դրսևորումը։


Վերջին ամիսներին, քանի որ պատերազմի պատճառով հաշմանդամների թիվը կտրուկ աճել է, պետությունը դադարել է հաշմանդամության նպաստ վճարել 7000 մարդու, որոնք նախկինում ստացել են այդ նպաստները․ պետությունը պատճառաբանել է, թե նրանց փաստաթղթերը «կեղծ» են եղել:

Քանի որ պատերազմում հաղթելու շնորհիվ ձեռք բերված տարածքների վերակառուցման գինն աճում է, պետք է ավելի շատ նման իրավիճակներ ակնկալենք:

Պատերազմի պատճառով շատ ադրբեջանցիների գիտակցության մեջ բռնությունը դարձել է նորմալ երևույթ որպես վեճերի լուծման մեթոդ և սկսել է գերիշխել առաքինությանը:

Նախագահ Իլհամ Ալիևը մի կողմից խաղաղության կոչեր է անում, մյուս կողմից բանեցնում է հռետորաբանություն՝ կոչ անելով նոր հակամարտություններ սկսել, այս անգամ Հայաստանի Հանրապետության ներսում գտնվող տարածքների համար, որոնք, ինչպես ինքն է հայտարարում, պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին։

Ծայրահեղ առնականության այս բռունցքը նախևառաջ ներխուժել է նաև մարդկանց անձնական կյանք: Կանանց սպանությունների և ընտանեկան բռնության դեպքերը, որոնք արդեն չափազանց տարածված են Ադրբեջանում, միայն աճել են, ինչպես որ աճել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա մարդատյաց հարձակումները:

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Առաջին պատերազմի ժամանակ իրենց տներից տեղահանված ադրբեջանցիներն առ այսօր բախվում են նյութական գրեթե նույն խնդիրներին, ինչ նախկինում: Նրանցից դեռ ոչ ոք չի վերադարձել իր տուն, ոչ էլ գիտեն, թե երբ կվերադառնան, եթե երբևէ վերադառնան։

Այո, պատերազմն ավարտվել է, առայժմ։ Սակայն ժամանակին այդպես էր նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի դեպքում:

Արդյոք մղձավանջային առաջին այդ պատերազմում բավականաչափ կյանքեր չե՞ն կորսվել։ Արդյոք ևս 7000 մա՞րդ էր պետք ուղարկել մեռնելու։

Ամենասարսափելին այն է, որ եթե դասեր չքաղվեն, եթե անվերջ հակամարտությունը որպես գործիք մնա իշխանությունների ձեռքին, ապա երկու պատերազմները կարող են բավարար չլինել, և նորանոր կյանքեր կորսվեն:

Սակայն նույնիսկ նման մռայլ բաների մասին մտածելիս ես մխիթարվում եմ նրանով, որ հասարակ մարդկանց իմաստությունը կարող է հաղթել: Ադրբեջաներեն մի ասացվածք կա, որը, հուսով եմ, մարդիկ կհիշեն. «Մոտ հարևանն ավելի լավ է, քան հեռավոր ազգականը»:

Անի Ավետիսյան. Պատերազմի սերունդը

Դա այն է, ինչ մենք անվանում ենք «կյանքը շարունակվում է»:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանի Անկախության 30-ամյակը մենք նշում էինք համերգով՝ ի պատիվ այն 4000 մարդկանց, որոնք այլևս երբեք հնարավորություն չեն ունենա ներկա գտնվել համերգի։

Սակայն եթե սովորական զրույց սկսես միջին վիճակագրական հայի հետ, ապա շատ մեծ է հավանականությունը, որ նրանք կասեն, թե կյանքը կանգ է առել և չի ուզում առաջ գնալ: Ես այդ հայերից մեկն եմ։ Կյանքը նաև կանգ առավ սեպտեմբերի 27-ին, որտեղ որ է՛ր, ու հիմա թվում է, թե ինչ էլ որ լինի, այն տեղից շարժվել չի ուզում։

Մեզ պետք է կոչեին «անկախության սերունդ»։

Ես ծնվել եմ առաջին պատերազմի ավարտից հետո, երբ երկիրը տնտեսական և սոցիալական կայունություն էր ձեռք բերում, և երբ պատերազմի բոլոր կողմերը չկարողացան «լուծել հակամարտությունը»։ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակիցների իշխանություններն այն ժամանակ չկարողացան հասնել խաղաղության։ Իմ ծնվելուց ի վեր իշխանության եկած նոր վարչակազմերից ու ղեկավարներից ոչ ոք չի կարողացել հասնել խաղաղության, նրանք ձախողել են ամեն տարի: Փոխարենը, այն ամենը, ինչ իմ սերունդը տեսել է, երեսուն տարվա «հարաբերական խաղաղությունն» էր և, ի վերջո, պատերազմը:

Պատերազմի ժամանակ ընդհանուր մտահոգությունն այն էր, որ Հայաստանի համար ամենածանր շրջանը կսկսվի հենց պատերազմն ավարտվի։ Հայաստանի համար «հաղթական» կանխատեսումները քիչ են եղել, խոսքը միայն կորստի մասշտաբների մասին էր՝ թե՛ տարածքային, թե՛ մարդկային։

Մենք՝ սերունդ, որն ստիպված եղավ հողին հանձնել մեր ամենապայծառ տղաներից շատերին, կերպարանափոխվեցինք «պատերազմի սերնդի» և հասկացանք նաև, որ երբեք ամբողջությամբ չենք գիտակցել, թե ինչ է իրական անկախությունը:

Սակայն որքան էլ ցավալի ու ողբերգական էր պատերազմի արդյունքը, այն նաև ամենավատ սցենարը չէր, համենայն դեպս որոշ մարդկանց համար: Եվ պատերազմի ավարտից հետո Հայաստանն առերեսվեց նոր փորձությունների: Երկիրն օրհասական վիճակում էր։ Եթե հասարակությունը հավատար ազգայնականների և նախկին վարչակարգին հավատարիմ մարդկանց խոստումներին, ապա երկիրը կարող էր վերածվել ռազմական բռնապետության, կարող էր նոր էսկալացիա հրահրվել կամ՝ քաղաքացիական պատերազմ:

Բայց Հայաստանն այլ բան ընտրեց. գուցե երկրի ընտրած ուղին ինքնիշխանության կամ անվտանգության դանդաղ վախճանն է, բայց անցյալին վերադարձ չկա:

Եթե անգամ այս նոր ճանապարհը, կարծես, դանդաղ կերպով հետ է պտտվում։

Այսօր Հայաստանի կառավարությունը շատ զգուշավոր է իր ձևակերպումներում, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, կամ ասում է այն, ինչ հաճելի է նրանց ականջին: Նիկոլ Փաշինյանն այլևս չի համարձակվում օգտագործել արտահայտություններ, ինչպիսին է «Արցախը Հայաստանն է», իսկ պատերազմի ավարտից հետո նա խուսափել է Լեռնային Ղարաբաղ ոտք դնելուց։

Չնայած դրսի հետ հարաբերություններում ուղղորդված զգուշավորությանը՝ Փաշինյանի վարչակազմը դրսևորում է հայ հասարակության հետ շփվելու անխոհեմություն։ Օրինակ՝ նրա վարչակազմը «հաստատել» էր տեղեկությունը, որ մի խումբ ռազմագերիներ տուն են վերադառնում, մինչդեռ Երևանում դատարկ ինքնաթիռ վայրէջք կատարեց։ Մեկ այլ օրինակ է այն, որ ԱԺ փոխնախագահը գերիների ծնողներին կոչ արեց իրենց բողոքներն այլևս չուղղել կառավարությանը և փոխարենը խնդրել Ադրբեջանին, որպեսզի վերադարձնի նրանց, քանի որ «Հայաստանը չէ, որ նրանց գերի է պահում»։

Այս անխոհեմությունը չի վերաբերում միայն պատերազմին առնչվող թեմաներին։ Կառավարությունն իր հասցեին հնչող քննադատություններին պատասխանում է դոգմա դարձած արտահայտությամբ, որ սա այն «ղեկավարությունն է, որի օգտին քվեարկել է ժողովուրդը», և որ պետք է պարզապես հանդուրժել և համակերպվել դրա հետ։

Այս վերաբերմունքն այժմ տարածվել է նաև իրավապահների վրա։ Հայաստանի ոստիկանությունը 2018-ի հեղափոխությունից հետո դարձել է բռնի, քան երբևէ, և անկախ նրանից՝ բողոքում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, թե պարզապես ինչ-որ թաղամասի բնակիչներ, որոնք չեն ցանկանում, որ այգու տեղում բարձրահարկ շենք լինի, նրանց դիմավորում են ոստիկանական մահակները։

Մամուլի ազատությունը նույնպես տուժել է։ Ազատ մամուլի համար իսկական սպառնալիք են դարձել «վիրավորանքի» մասին նոր օրենքները. վերջերս քրեականացվել է այնպիսի չնչին արարք, ինչպիսին «Ֆեյսբուքում» Նիկոլ Փաշինյանի հասցեին ստոր մեկնաբանություն գրելը։

2018-ին դժվարությամբ ձեռք բերված նվաճումների աստիճանական մսխմանը զուգահեռ՝ խորհրդարան են վերադարձել խայտաբղետ մականուններով օլիգարխները: Խորհրդարանում գլուխ է բարձրացրել նեպոտիզմը։ Փաշինյանը, որը ժամանակին «ժողովրդի մարդ» էր, պաշտոնանկ արված իր նախորդին քննադատում էր այն բանի համար, որ պետական ծառայողների աշխատասենյակներում կախված են նրա դիմանկարները։ Այժմ այդ նույն աշխատասենյակներում ողջ երկրով մեկ կախված են Փաշինյանի դիմանկարները։

Ցավալի է տեսնել այս ամենը։ Սակայն, հաշվի առնելով վերը նշվածը, այն պահերին, երբ ես մոռանում եմ քաղաքականության և դրանում ներգրավված մարդկանց մասին, կա մի պահ, որն ինձ հույս է տալիս։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ այս տարվա գարնանը տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվում Երևանի կենտրոնում։ Դրանք միմյանց կատաղության աստիճան ատող քաղաքական գործիչների հակընդդեմ հանրահավաքներ էին, որոնց մասնակիցները, հավանաբար, նույնպես ատում էին միմյանց, բայցևայնպես, բախումներ չէին լինում: Ավելի վատ են բռունցքներով մարտերը, որոնք այժմ, կարծես, սովորական երևույթ են դարձել խորհրդարանում:

Գուցե սա նշանակում է, որ մենք կարող ենք շարունակել: Բայց դա հեշտ չէ։

Երբեք հրետակոծության ձայն չեմ լսել։ Չգիտեմ, թե ինչ է մարդն զգում, երբ կողքին հրթիռ է պայթում։ Հավանաբար, ես «ամենահաջողակներից» մեկն եմ, որի մերձավոր ընտանիքը գրեթե չի տուժել պատերազմից, բայց նույնիսկ ես պատերազմից մեկ տարի անց ոչ մի գիշեր հանգիստ քուն չեմ ունեցել: Կորցրած սիրելի մարդկանց պատկերներն իմ մտքում և հետագայում ուրիշներին կորցնելու վախից ես գիշերվա կեսին պարբերաբար դեռ լաց եմ լինում:

Մեկնաբանել