Կլիմայի փոփոխությանը դիմագրավելու հրամայականը․ Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի անդրադարձը

John Gallagher

Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության համաժողովը և կլիմայի փոփոխությանը դիմագրավելու կարևորությունը․ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հոդվածը։

Միացյալ Թագավորությունն իր գործընկեր Իտալիայի հետ նոյեմբերի սկզբին կhյուրընկալի Կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովը, որը, շատերի համոզմամբ, կլիմայի աղետալի փոփոխության ռիսկի կառավարման նպատակով տևական հանձնառությունների շուրջ համաձայնության գալու լավագույն հնարավորությունն է։ Միացյալ ազգերի կազմակերպությունը շուրջ երեք տասնամյակ գրեթե բոլոր երկրներին միավորել է կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովներում, որոնք կրում են «Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով» անվանումը։ Միացյալ Թագավորությունը հպարտ է, որ ստանձնել է Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովի նախագահությունը և հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը այն կհյուրընկալի Գլազգոյում։

Կլիմայի փոփոխությանը դիմագրավելու անհրաժեշտությունը դեռ երբեք այսքան հրատապ չի եղել։ 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը բեկումնային իրադարձություն էր, որով բոլոր երկրները համաձայնեցին միասին աշխատել գլոբալ տաքացումը մինչարդյունաբերական շրջանի համեմատ մինչև 2 աստիճան սահմանափակելու ուղղությամբ (ձգտելով մինչև 1,5 աստիճանի), մեծացնել կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին հարմարվելու կարողությունը, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու համար ապահովել պետական ֆինանսավորում։ Փարիզյան համաձայնագրով երկրները պարտավորվեցին մշակել ազգային ծրագրեր՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ»՝ դրանցում ամրագրելով իրենց կողմից արտանետումների մակարդակի նվազեցման հավակնությունները։ Կառավարությունները համաձայնեցին նաև յուրաքանչյուր հինգ տարին մեկ թարմացնել իրենց ծրագրերը՝ դրանցում արտացոլելով տվյալ ժամանակահատվածի համար հնարավոր ամենաբարձր հավակնությունները։ Այս տարի Գլազգոյում կայանալիք համաժողովի ընթացքում (այն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էր մեկ տարով) երկրները կներկայացնեն արտանետումների նվազեցման իրենց ծրագրերը։

Որքան էլ Փարիզյան համաձայնագիրը կարևոր էր, գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճան սահմանափակելու հնարավորության ժամկետները գնալով սեղմվում են։ Միևնույն ժամանակ, արդեն առաջընթաց է գրանցվում. այժմ համաշխարհային տնտեսության շուրջ 70 տոկոսը նպատակ ունի արտանետումների զրոյական մակարդակի հասնել։ Երբ Միացյալ Թագավորությունը ստանձնեց Կլիմայի փոփոխության համաժողովի նախագահությունը, այդ թիվը 30 տոկոսից ցածր էր։ Մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածը վճռորոշ է լինելու նպատակին հասնելու համար կայուն ուղի ուրվագծելու համար:

Միացյալ Թագավորությունը հավատարիմ է իր հանձնառությանը։ Վարչապետ Բորիս Ջոնսոնն անցյալ տարի հայտարարեց «Միացյալ Թագավորության՝ կանաչ արդյունաբերական հեղափոխության տասը կետից բաղկացած ծրագրի» մասին, որը ներառում է արագացված անցում դեպի էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործում և Միացյալ Թագավորության պարտավորությունների ամբողջական կատարում մինչև 2050 թվականը։

Վերջին 30 տարվա ընթացքում բրիտանական տնտեսությունն աճել է 78 տոկոսով՝ միաժամանակ 44 տոկոսով կրճատելով արտանետումների ծավալը։ Սա ցույց է տալիս, որ կանաչ զարգացումն իրատեսական է և հասանելի։

2012 թվականին Միացյալ Թագավորության էլեկտրաէներգիայի 40 տոկոսը ստացվում էր ածուխից։ Անցյալ տարի այդ թիվը նվազեց՝ հասնելով 1,6 տոկոսի։ Սա վկայում է այն մասին, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր է հասնել իրական փոփոխության։ Բրիտանիան առաջին երկիրն էր, որ պարտավորվեց մինչև 2035 թվականը ածխածնի արտանետումները նվազեցնել 78 տոկոսով։ Մինչև 2024 թվականը մենք ամբողջությամբ կհրաժարվենք ածխի օգտագործումից, իսկ մինչև 2030 թվականը կդադարեցնենք բենզինային և դիզելային շարժիչով նոր մեքենաների վաճառքը։

Կլիմայի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործունեությունը չի ենթադրում ընտրություն շրջակա միջավայրը բարելավելու և մեր տնտեսությունները զարգացնելու միջև։ Էկոլոգիապես մաքուր զարգացումը մեծ հնարավորություններ է ընձեռում 21-րդ դարի տնտեսական զարգացման համար։ Աշխարհի ավելի քան երկու երրորդում արևի և քամու էներգիան արդեն ավելի մատչելի է, քան ածխից ստացվող էներգիան։ Կորոնավիրուսային համավարակից կանաչ և դիմակայուն եղանակով վերականգնումը աշխատատեղեր կստեղծի ապագայի արդյունաբերության համար՝ միաժամանակ արձագանքելով հանրային առողջության, կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի հրատապ և միմյանց հետ շաղկապված մարտահրավերներին:

Հայաստանն իր ուրույն կարևոր դերն ունի այս գլոբալ նպատակներին հասնելու գործում։ Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ արագացնելու արտանետումների նվազեցումը 40 տոկոսով՝ նախկինում ծրագրված 2050 թվականի փոխարեն նոր ժամկետ սահմանելով 2030 թվականը: Հայաստանը վերջերս թարմացրել է իր «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»՝ նպատակադրվելով մինչև 2050 թվականն ազատվել ածխածնային էներգիայից։ Թարմացված փաստաթուղթը հավակնոտ հանձնառություններ է ներառում մինչև 2030 թվականը մեծացնելու արևային էներգիայի մասնաբաժինը 17 անգամ՝ այն հասցնելով 15 տոկոսի և զրոյական արտանետումներով էներգիայի աղբյուրների մասնաբաժինը էներգիայի ընդհանուր արտադրության մեջ հասցնելու մինչև 54%:

Որպես կլիմայի փոփոխությանը հարմարվելու կարևոր տարր՝ կառավարությունը նաև անտառատնկման պարտավորություն է ստանձնել՝ նպատակադրվելով մինչև 2050 թվականը անտառածածկույթը կրկնապատկել` 11%-ից հասցնելով մինչև 22%:

Միացյալ Թագավորությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ կլիմայի փոփոխության դեմ պայքարի, այդ թվում՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» հավակնոտ նպատակներ սահմանելու հարցում: Մենք նպաստել ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջուկային կարգավորող մարմինների միջև ընդլայնված համագործակցությանը: Բացի այդ, բրիտանական ընկերություններն աջակցում են Երևանի քաղաքապետարանի մաքուր էներգիայի նախաձեռնություններին: Փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը փորձագետների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր հրավիրել, որի թեման Հայաստանի կլիմայական հավակնությունների իրականացումն ու մաքուր էներգիայի ֆինանսավորումն էր: Առաջիկա տարիների ընթացքում մենք կշարունակենք ընդլայնել մեր համագործակցությունը:

Միացյալ Թագավորությունը հանձնառու է Կլիմայի փոփոխության համաժողովի ընթացքում համաձայնության հասնելու համապարփակ, հավակնոտ և հավասարակշռված գլոբալ արդյունքների բանակցված փաթեթի շուրջ։ Դեռ շատ աշխատանք կա անելու։ Կլիմայի փոփոխությունը կշարունակի ընդհանուր համաշխարհային մարտահրավեր լինել։ Յուրաքանչյուր երկիր պետք է քայլեր ձեռնարկի մեր մոլորակի ապագայի համար՝ հանուն գալիք սերունդների։ Որպես Կլիմայի փոփոխության համաժողովի համախոհ և հավակնոտ գործընկեր՝ ես ակնկալում եմ սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև՝ այս նպատակներն իրականություն դարձնելու համար։

Read the article in English.

Մեկնաբանել