Հոդվածը՝ OC Media-ի
Ռուսաստանում գործող իրավապաշտպանների տվյալներով՝ ներկայում երկրում կա առնվազն 420 քաղբանտարկյալ, նրանցից 33-ը՝ Հյուսիսային Կովկասում։
Ռուսաստանում քաղբանտարկյալների ցուցակը հրապարակել է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը։ Դրանց ներկայիս թիվը կարող է մրցակցել նախկին ԽՍՀՄ-ի տարածքում եղած քաղբանտարկյալների թվի հետ նախքան Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովն ազատ կարձակեր խղճի բանտարկյալներին:
Քաղբանտարկյալների ինքնությունը բազմազան է. մեծ մասը՝ 33-ից 17-ը, ըստ «Մեմորիալ»-ի, կալանավորվել են «կրոնի ազատության իրավունքի իրացման» առնչությամբ։ Բայց կան նաև լրագրողներ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, ցուցարարներ և նույնիսկ ներքին գործերի նախկին նախարար:
«Մեմորիալ»-ի զեկույցում շեշտվում է, որ այս ցուցակն ամբողջական չէ: Իրավապաշտպան կազմակերպությունը մարդկանց «քաղբանտարկյալ» է համարել նրանց քրեական գործերի «մանրակրկիտ ուսումնասիրությունից» հետո միայն։ «Քաղբանտարկյալների և քաղաքական դրդապատճառներով բանտարկված այլ անձանց իրական թիվը, անկասկած, շատ ավելի մեծ է»,- ասվում է «Մեմորիալի»-ի զեկույցում։
Ինգուշեթիա
Երեսուներեք քաղբանտարկյալից տասը Ինգուշեթիայի Հանրապետությունից են։ Նրանցից ութի կալանավորումը կապված է 2018 և 2019 թվականներին Ինգուշեթիայում բողոքի զանգվածային ցույցերի և ոստիկանության հետ բախումների հետ, որոնք տեղի էին ունեցել Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանազատման համաձայնագրի պատճառով։
Բողոքի ցույցերի առաջնորդները, այդ թվում՝ շրջանի ներքին գործերի նախկին նախարարը, որոնք մեղադրվում են բռնությունները կազմակերպելու մեջ, ներկայում գտնվում են Ստավրոպոլի շրջանի նախնական կալանքի վայրերում։
Դաղստան
Հյուսիսային Կովկասում քաղբանտարկյալներից ամենահայտնին, թերևս, դաղստանյան «Չերնովիկ» անկախ թերթի թղթակից Աբդուլ-Մումին Հաջիևն է:
Հաջիևը կալանավորված է 2019-ին հունիսի 16-ից և մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Հաջիևը և նրա գործընկերները հայտարարել են, որ այս քրեական գործով փորձ է արվում լռեցնել Հաջիևին որպես լրագրող և խոչընդոտել «Չեռնովիկ»-ի աշխատանքն ընդհանրապես։
2019-ի դեկտեմբերին Հաջիևը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից անհիմն հետապնդումների ենթարկվելու վերաբերյալ։ «Ամնեսթի Ինթերնեշնլ» և «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես հանդես են եկել նրա ազատ արձակման պահանջով։ Հաջիևի գործն այժմ քննվում է Դոնի Ռոստովի Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանային դատարանում։
Դաղստանի մյուս քաղբանտարկյալների թվում են չորս մուսուլմաններ, որոնք, ըստ «Մեմորիալ»-ի, հալածվել են իրենց համոզմունքների պատճառով, ինչպես նաև «Եհովայի վկաներ»-ի չորս հետևորդներ։ Ռուսաստանի իշխանությունները «Եհովայի վկաներ»-ը հայտարարել են «ծայրահեղական կազմակերպություն», և նրանց գործունեությունը երկրում արգելվել է։
Չեչնիա
«Մեմորիալ»-ի քաղբանտարկյալների ցուցակում Չեչնիայից ութ մարդ կա։ Նրանցից հինգը հավատացյալ մուսուլմաններ են, որոնք, ըստ իրավապաշտպանների, հետապնդվում են «իրենց կրոնական իրավունքի իրացման» պատճառով։ Նրանց թվում են Թեքիլով երեք եղբայրները, որոնք դատապարտվել են ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով։
Իրավապաշտպան կազմակերպության կողմից քաղբանտարկյալներ են ճանաչվել նաև Սալեհ Մագոմեդ և Իսմայիլ Իսաև եղբայրները, որոնք պաշտոնապես մեղադրվում են «անօրինական զինված խմբավորումների գործողություններին մասնակցելու» մեջ։ «Մեմորիալ»-ը երկու եղբայրների բանտարկությունը կապում է նրանց միասեռական լինելու և «Տելեգրամ»-ում իշխանություններին քննադատելու հետ: Նրանք առևանգվել էին այս տարվա փետրվարին ռուսական ԼԳԲՏ ցանցի ղեկավարությամբ գործող ապաստարանից։
«1ADAT» տելեգրամյան ալիքի նախկին մոդերատոր Սալման Տեպսուրկաևը, որը Չեչնիայի իշխանությունների հայտնի քննադատներից է, նույնպես հայտնվել է քաղբանտարկյալների այս ցուցակում։ Տեպսուրկաևին առևանգել էին սեպտեմբերին, և դրանից կարճ ժամանակ անց համացանցում տեղադրվեց տեսանյութ, որում, ըստ երևույթին, երևում է, թե ինչպես է նա սեռական բռնության ենթարկվում:
Հոկտեմբերի 19-ին ՄԻԵԴ-ը Ռուսաստանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Տեպսուրկաևին առևանգելու և խոշտանգելու համար։ Նրա ներկայիս գտնվելու վայրը և այն, թե արդյոք նա դեռ ողջ է, մնում է անհայտ:
Կարդացե՛ք նաև՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանը մեղավոր է Չեչնիայի կառավարության քննադատին առևանգելու մեջ
Կաբարդինո-Բալկարիա
Ծնունդով Կաբարդինո-Բալկարիայից Ռասուլ Կուդաևը միակ հյուսիսկովկասցի քաղբանտարկյալն է «Մեմորիալ»-ի ցուցակում, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Կուդաևը մեղավոր է ճանաչվել 2005 -ին հոկտեմբերի 13-ին Նալչիկ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակմանը մասնակցելու համար, որի ժամանակ 145 մարդ սպանվեց, այդ թվում՝ 15 խաղաղ բնակիչ։
2005-ին ռուսական իշխանությունների կողմից ձերբակալվելուց մեկ տարի առաջ Կուդաևն ազատ էր արձակվել Գուանտանամոյի բանտից։ Ամերիկացիները նրան այնտեղ կալանքի տակ էին պահել առանց մեղադրանքի։
«Մեմորիալ»-ը համարում է, որ Կուդաևին առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ Գուանտանամոյում նրա նախկին բանտարկությունն օգտագործվել է որպես ապացույց՝ 2005-ին Նալչիկի իրադարձությունների հետ «արտաքին կապը» հիմնավորելու համար։ Բացի դրանից, «Մեմորիալ»-ը մեջբերում է բազմաթիվ վկաների ցուցմունքներ, որոնք հաստատում են Կուդաևի ալիբին և այն, որ նա մասնակից չի եղել այն իրադարձություններին, ինչի համար մեղադրվում է: