Վրաստանում մեկնարկել է մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը․ «Վրացական երազանքը»՝ մարտահրավերների առաջ

Կախա Կալաձեն և Նիկա Մելիան Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներ Կախա Կալաձեն և Նիկա Մելիան:

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանցիներն այսօր գնում են ընտրատեղամասեր մասնակցելու մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլին, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խոստացել է համընդհանուր հաղթանակ և «այլևս ոչ մի ընտրություն հաջորդ երեք տարիների ընթացքում»։

Շաբաթ օրը մեկնարկած քվեարկության ընթացքում «Վրացական երազանքի» թեկնածուները քվեարկության երկրորդ փուլում մրցում են մունիցիպալ և քաղաքային խորհուրդների 42 մեծամասնական տեղերի, ինչպես նաև 64 մունիցիպալիտետներից և քաղաքներից 20-ի քաղաքապետերի համար: Դրանց թվում ընտրապայքար է ծավալվելու բոլոր հինգ ինքնակառավարվող քաղաքներում և 15 ինքնակառավարվող համայնքներում:

Հիմնական մարտադաշտը կլինի մայրաքաղաք Թբիլիսին, որտեղ մրցում են իշխող կուսակցությունից գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան:

Ակնկալվում է, որ մրցակցությունը թեժ է լինելու նաև ինքնակառավարվող մյուս քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում, Ռուսթավիում և Փոթիում։ «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուներին մարտահրավեր են նետել «Միացյալ ազգային շարժման» նրանց մրցակիցները։

!function(e,i,n,s){var t=”InfogramEmbeds”,d=e.getElementsByTagName(“script”)[0];if(window[t]&&window[t].initialized)window[t].process&&window[t].process();else if(!e.getElementById(n)){var o=e.createElement(“script”);o.async=1,o.id=n,o.src=”https://e.infogram.com/js/dist/embed-loader-min.js”,d.parentNode.insertBefore(o,d)}}(document,0,”infogram-async”);

Ընտրությունների գնացող 15 ինքնակառավարվող համայնքներից 12-ում մրցարշավը ևս կընթանա «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» թեկնածուների միջև:

Առավել թեժ կետերից է Զուգդիդին, որտեղ քաղաքապետի թեկնածու Անզոր Մելիան՝ Նիկա Մելիայի հայրը, ընդամենը 3 տոկոսով չի հաղթահարել 50 տոկոսի շեմը՝ հոկտեմբերի 2-ի առաջին փուլում լիակատար հաղթանակ տանելու համար։ Նրա մրցակիցը Մամուկա Ցոցերիան է «Վրացական երազանքից», որն առաջին փուլում հավաքել է ձայների ընդամենը 41 տոկոսը:

Հոկտեմբերի 29-ին վրացական «Մթավարի» հեռուստաընկերությունը հրապարակել է IPSOS սոցիոլոգիական ընկերության կանխատեսումները, որոնց համաձայն՝ Անզոր Մելիան ունի 55 տոկոս, իսկ Ցոցերիան՝ 45 տոկոս քվե, ինչը հակասում է անմիջապես IPSOS-ի հրապարակած տվյալներին, որտեղ առավելություն ունի «Վրացական երազանքի» թեկնածուն: Դրանից կարճ ժամանակ անց «Մթավարի»-ն IPSOS-ին մեղադրեց «կոռուպցիոն գործարքի» մեջ և խոստացավ գործը հանձնել արբիտրաժային դատարան:

Նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որն առաջին փուլում քվեների թվով զբաղեցրել է երրորդ տեղը, իշխող կուսակցության հետ մրցելու է միայն Ցագերի մունիցիպալիտետում՝ հյուսիսարևմտյան Սվանեթիի շրջանում:

!function(e,i,n,s){var t=”InfogramEmbeds”,d=e.getElementsByTagName(“script”)[0];if(window[t]&&window[t].initialized)window[t].process&&window[t].process();else if(!e.getElementById(n)){var o=e.createElement(“script”);o.async=1,o.id=n,o.src=”https://e.infogram.com/js/dist/embed-loader-min.js”,d.parentNode.insertBefore(o,d)}}(document,0,”infogram-async”);

«Հանուն Վրաստանի» թեկնածուները մեծամասնական ցուցակներով երկրորդ փուլ են անցել նաև 11 ընտրատարածքներում։

Քաղաքային խորհրդի տեղերի համար մեծամասնական ընտրակարգով երկրորդ փուլ կլինի միայն Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում, որտեղ «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության թեկնածու Բորիս Կուրուան մրցում է «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Ավթանդիլ Ցինցաձեի հետ:

Ընդդիմադիր հսկա՝ կոալիցիայի կոչով

Նիկա Մելիան, որը հոկտեմբերի 2-ին Թբիլիսիում հավաքել է ձայների 34 տոկոսը և 11 տոկոսային կետով զիջում է Կախա Կալաձեին, ակտիվացրել է իր՝ կուսակցությունից դուրս ընտրական գրավչությունը բարձրացնելու ջանքերը: Մասնավորապես, նա խոստացել է հաղթանակի դեպքում հեռանալ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնից։

Հոկտեմբերի 20-ին Մելիան ներկայացրեց Թբիլիսիի կառավարության կոալիցիոն կաբինետը՝ «Դրոա»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիային, «Լելո»-ի նախագահ Մամուկա Խազարաձեին և «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Գիրչի Ջափարիձեին խոստանալով փոխքաղաքապետերի պաշտոններ:

«Վրացական երազանքը» շտապեց հիշեցնել հանրությանը, որ ինքն արդեն մեծամասնություն է ապահովել Թբիլիսիի քաղաքային խորհրդում՝ ակնարկելով, որ մտադիր է արգելափակել այդ պատգամավորների նշանակումը:

Նիկա Մելիան ներկայացնում է իր առաջարկած նախարարների կաբինետը Թբիլիսիի կառավարության համար։

Քութայիսիում «Միացյալ ազգային շարժման» քաղաքապետի թեկնածու Խաթիա Դեկանոիձեն հետևել է այդ օրինակին և հոկտեմբերի 26-ին ներկայացրել ի՛ր ստվերային կաբինետը՝ ընդդիմադիր «Լելո» և «Գիրչի – ավելի շատ ազատություն» խմբերից իր չորս հնարավոր տեղակալներին:

Իշխող կուսակցությունը, ներառյալ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ընտրողներին քանիցս նախազգուշացրել է այն մասին, որ իրենց և Թբիլիսիի ընդդիմադիր քաղաքապետի միջև կամ որևէ այլ վայրում համագործակցությունը հարթ չի ընթանա և կարող է նույնիսկ խափանել զարգացման նախագծերը:

Հոկտեմբերի 22-ին Ղարիբաշվիլին ընտրողներին կոչ է արել չաջակցել արևմտյան Սենակիի մունիցիպալիտետի ղեկավար Կոբա Նախոպիային՝ շեշտելով, որ «կենտրոնական կառավարությունը մեզ է պատկանում»:

Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 23-ին Քութայիսում քարոզում է «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Իոսեբ Խախալեիշվիլիի օգտին: Լուսանկարը՝ «Վրացական երազանքի»:

«Նա չի կարող առանց մեզ որևէ քայլ անել,- նախազգուշացրել է Ղարիբաշվիլին:- Ես տեսականորեն եմ ասում՝ եթե որևէ այլ [ընդդիմադիր] թեկնածու հաղթի ցանկացած համայնքում, նա առանց կենտրոնական կառավարության հեռանկար չի ունենա»:

Քննադատները կուսակցությանը մեղադրել են նման հռետորաբանության միջոցով տեղական ինքնակառավարման ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

Քաղաքական իշխանության գերկենտրոնացման և պետական ինստիտուտներին իշխող կուսակցության չափից դուրս ինտեգրման վերաբերյալ մտավախությունները կրկին արտահայտվեցին հոկտեմբերի 28-ին, երբ «Վրացական երազանքը» զանգվածային հանրահավաք կազմակերպեց Թբիլիսիում: Կուսակցությունը տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ շրջաններից բազմաթիվ պետական ծառայողների, տեղափոխել էր իր հանրահավաքին։

Նույն օրը Վաշինգտոնում տեղակայված Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակեց հոկտեմբերի 2-ի ընտրարշավի և քվեարկության վերաբերյալ իր վերջնական զեկույցը՝ դրանք անվանելով «բռնության, ահաբեկման, ընտրողների և թեկնածուների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսների չարաշահման ավելի ու ավելի մտահոգիչ միտումներ, ինչն էլ ավելի է լղոզում կառավարության և իշխող կուսակցության միջև սահմանները»:

Սաակաշվիլի «Իմ կյանքը կախված է ձեր ձայնից»

Երկրորդ փուլը տեղի է ունենում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շարունակվող հացադուլի ֆոնին։ Հացադուլը նա սկսել է հոկտեմբերի 1-ին՝ ձերբակալությունից անմիջապես հետո։

Քվեարկությունից մեկ օր առաջ Սաակաշվիլին ընտրությունների երկրորդ փուլն անվանել է «վճռորոշ» ինչպես վրացական ժողովրդավարության, այնպես էլ իր կյանքի համար՝ վրաստանցիներին կոչ անելով դուրս գալ ընտրությունների:

«Ես ուզում եմ՝ դուք իմանաք, որ իմ կյանքի երկարաձգումը լիովին կապված է այն ընտրության հետ, որը դուք պատրաստվում եք անել վաղը»,- ուրբաթ հայտարարել է նա:

«Վրացական երազանքի» առաջնորդները Սաակաշվիլիին ձերբակալելու պահից ի վեր պնդում էին, որ նա մտադիր էր ապակայունացնել երկիրը՝ անսպասելիորեն հայտնվելով Թբիլիսիում, որպեսզի ամբոխը գրավի կառավարական հաստատությունները:

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտի մոտ։ Լուսանկարը՝ Թաթա Շոշիաշվիլիի / OC Media։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանց ապացույցների հայտարարել է, թե Սաակաշվիլին ու նրա «Միացյալ ազգային շարժումը» մտադիր էին սպանել ընդդիմության մի քանի առաջնորդների մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից հետո, որպեսզի պետական հեղաշրջում կազմակերպեն:

Տե՛ս՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլիի կուսակցությունը մահափորձ էր ծրագրել ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ

Չնայած Սաակաշվիլիի առողջության վատթարացման մասին ստացվող լուրերին՝ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են նրան տեղափոխել քաղաքային հիվանդանոց՝ պնդելով, որ նրան պետք է տեղափոխել Գլդանի բանտի բժշկական պալատ: Սաակաշվիլին հրաժարվել է առաջարկից։ Խոսքը բանտային կտտանքների հետ կապված հայտնի բանտի մասին է, որի սկանդալը տարածվել էր Սաակաշվիլիի նախագահության վերջին ամիսներին։

Մեկնաբանել