Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին և Ջիմ Կարաջանիսին, ասված է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանը։
Նախարարը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտությունը որպես պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափ և ողջունել Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունն ուղղված հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը:
Նալբանդյանը կարևորել է նաև կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչը նախարարի բնորոշմամբ՝ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու իրողություններին և անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին։
Զրուցակիցները անդրադարձել են նաև մի շարք տարածաշրջանային խնդիրների: