Ո՞րն է Արցախի զարգացման մոդելը

stepanakert

Գեղամ Բաղդասարյան

Օրերս տեղեկացանք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի ևս 13,5 միլիարդ դրամ։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ սա նույնաբնույթ արդեն 5-րդ միջոցառումն է. ընդհանուր առմամբ 2020 թ. առայսօր Արցախին է փոխանցվել մոտ 120 միլիարդ դրամի աջակցություն: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նշված գումարից 1,3 միլիարդ դրամ տրամադրվելու է անհատույց և ուղղվելու է 2021 թ. նոյեմբեր ամսին Արցախի բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ֆինանսավորմանը: Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ 12,2 մլրդ դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը և տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը՝ ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Թե կոնկրետ ինչ է նախատեսված տնտեսական կյանքի աշխուժացման համար՝ այնքան էլ պարզ չէ, մինչդեռ սա շատ կարևոր է Արցախի տնտեսական զարգացման հեռանկարն ու մոդելը հասկանալու համար։ Դրա փոխարեն հստակ ու միանշանակ է աջակցության սոցիալական ուղղվածությունը։

Ինչ խոսք, դրվատելի ու շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունն ուշադրության կենտրոնում է պահում 44-օրյա պատերազմից հետո ծանր իրավիճակում հայտնված արցախցիների առօրյա հոգսերը։ Սակայն ՀՀ հնարավորություններն անսպառ չեն, և ժամանակի ընթացքում աջակցության այս մակարդակը պահելու համար դժվարություններ են ծագելու, ուստի խոհեմ կլիներ վաղօրոք մտածել Արցախի տնտեսական զարգացման նոր ու հնարավորինս ինքնաբավ մոդելի մասին։ Սոցիալական նպաստների «ասեղի վրա» նստած հանրությունը հարմարվելու է այս վիճակին ու հոգեբանորեն պատրաստ չի լինելու տնտեսական նախաձեռնությունների, ավելին՝ վերջնականորեն թմրելու է ձեռներեցության ջիղը։ ՀՀ-ն շատ ավելի մեծ ինտելեկտուալ հնարավորություն և միջագային կապերով պայմանավորված ներուժ ունի նման ռազմավարություն մշակելու համար։

Սակայն խնդրի առաջին ու գլխավոր պատասխանատուն ու շահառուն Արցախի իշխանությունն է։ Արցախի իշխանությունն ունի՞ նոր պայմաններում երկրի զարգացման տեսլական, մասնագետների ու հանրության լայն շրջանակների հետ քննարկու՞մ է տնտեսական առավել արդյունավետ մոդելի հարցը։ Պատերազմից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է պետական-կառավարման համակարգում, լավարկման գործընթացի նախանշաններ կա՞ն։

Սրանք սովորական հարցեր չեն, այլ սերտորեն առնչված են անվտանգության խնդրին։ Պետական կառավարման գերուռճացված ու անասելի ծանրաշարժ համակարգն ուղղակի ի վիճակի չէ համարժեք արձագանքելու երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Իսկ սոցիալական նպաստների «ասեղի վրա» նստած հանրությունն ամենևին էլ աջակից չէ այս հարցում։ Ու ստացվում է հետևյալ տխուր պատկերը՝ հանրությունը սոցիալական նպաստների «ասեղի վրա» է նստած ու մտահոգված չէ ապագայի հեռանկարով, իշխանությունն էլ ՀՀ աջակցության «ասեղի վրա» է նստել ու իրեն ազատել է երկրի տնտեսական արդյունավետ մոդելի որոնման և այդ ուղղությամբ հստակ ու կտրուկ քայլեր անելու պարտականությունից։

Մինչդեռ իսկը ժամանակն է նոր հանրային կառավարման մասին մտածելու և դրա շուրջ քննարկումների միջոցով հանրային օրակարգ ձևավորելու համար։ Խոսքը երկրի պետական կառավարման համակագի վերափոխման ու արդիականացման համապարափակ օրակարգի մասին է։

Նոր հանրային կառավարում ասելով սովորաբար նկատի են ունենում կառավարության գործնեության մեջ մասնավոր հատվածի կառավարչական տեխնոլոգիաների ներգրավումը կամ էլ կառավարության որոշ գործառույթներ մասնավոր հատվածին փոխանցումը։ Նաև՝ պե­տութ­յան և քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վրա հիմն­ված կա­ռա­վար­ման նոր հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը: Այս համակարգը, ըստ դասական ձևակերպման, հեն­վում է տնտե­սութ­յան, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, ինս­տիս­տու­նե­րի և ծ­րագ­րե­րի արդ­յու­նա­վետ և ձեռ­նա­հաս գոր­ծու­նա­կու­թյան, ինչ­պես նաև բարձ­րո­րակ ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման վրա: Այսինքն, խոսքը ոչ թե կա­ռա­վար­ման մո­դե­լի մե­խա­նի­կա­կան բա­րե­փո­խման, այլ հա­ն­րա­յին հատ­վա­ծի և հա­սա­րա­կութ­յուն-պե­տութ­յուն փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի որակական ­փո­խակերպ­ման մասին է՝ ար­տա­քին և ներ­քին մար­տահ­րա­վեր­նե­րին համահունչ: Ըստ այդմ էլ խ­րա­խուս­վում են մաս­նակ­ցու­թյան բո­լոր այն տար­բե­րակ­նե­րը, որոնք ակ­տի­վաց­նում են քա­ղա­քա­ցի­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը կա­ռա­վա­րման գոր­ծում։

Տարիներ ու տասնամյակներ շարունակ արմատավորվել է այն միտքը, որ Արցախը միայն ֆինանսական աջակցության կարիք ունի։ Ու եռամիասնության մասին մեր պատկերացումներում առաջնայինն ու գուցե նաև միակը ֆինանսական բաղադրիչն է եղել։ Մինչդեռ արևի տակ իր տեղը փնտրող նորանկախ երկրին առաջին հերթին հենց ինտելեկտուալ աջակցություն էր պետք, համահայկական մտավոր ներուժի գեներացում։

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գտնում է, որ մեր անհաջողությունների ու ձախողումների հիմնական պատճառը հենց ինտելեկտուալ լճացումն է։ «Ինտելեկտուալ լճացման պատճառով հայկական երկու հանրապետությունների վերնախավերը ոչ միայն ընդունակ չէին լուծումներ գտնել գոյություն ունեցող մարտահրավերների համար, այլև նույնիսկ չէին պատկերացնում այդ մարտահրավերների լրջության աստիճանը: Արդյունքում առաջնային պլան էին դուրս գալիս հին և նոր միֆերն ու կեղծ օրակարգերը»,- գրում է նա «Անալիտիկոն» վերլուծական հանդեսում նորերս հրապարակած իր հոդվածում:

Ըստ նրա, հետպատերազմյան այս ծանր իրավիճակից ելքեր գտնելու համար պետք է կարողանանք մերժել դոգմատիկ մտածելակերպը և ինտելեկտուալ քաջություն ունենանք քննարկել ամենաբարդ խնդիրները՝ փորձելով գտնել ռացիոնալ լուծումներ:

Մեկնաբանել