Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Կովկասում «3+3» տարածաշրջանային ձևաչափի հեռանկարները

Լավրով Չավուշօղլու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել և քննարկել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները։

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Քննարկվել է Բոսնիական կարգավորմանն աջակցելու նպատակով համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերով։ Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման վերաբերյալ»,- ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Նախարարները քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր և Ռուսաստանի ու Թուրքիայի երկկողմ կապերի առանցքային ասպեկտներ:

Տե՛ս նաև՝ Ձևաչափերի «պայքարն» ու տարածաշրջանային վերադասավորումները

Ղարաբաղի հարցով վեցակողմ համագործակցության ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը: Իրանը ողջունել է այդ գաղափարը՝ վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ և հույս ունի, որ Վրաստանն էլ շահագրգռվածություն կհայտնի նման մեխանիզմ ստեղծելու հարցում:

Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հոկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի նոր բանակցային ձևաչափում՝ չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին: Այդ հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել վրացական ընդդիմության կողմից։

Մեկնաբանել