Շոթա Կինչա և Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է ընդունել ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները այն բանից հետո, երբ նախնական արդյունքներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է բոլոր քաղաքներում, բացառությամբ Ծալենջիխայի, որը փոքր ընտրատարածք է:
«Այս երկրում ընտրություններն այլևս ազդեցություն չեն ունենում»,- հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան՝ խոստանալով ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներին ի պատասխան գործողությունների ծրագիր ներկայացնել։
Շաբաթ, երբ ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվեցին, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմադիր խմբերն սկսեցին հաղթանակ տոնել՝ հիմնվելով էքզիթ փոլերի իրարամերժ արդյունքների վրա, որոնք հրապարակել էին հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Gorbi» ընկերությունը՝ իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով, և «Anova»-ն՝ ընդդիմությանը սատարող «Մթավարի» հեռուստաընկերության պատվերով։
Արդյունքները ցույց են տալիս, որ իր կառավարման տասներորդ տարում «Վրացական երազանքը» շաբաթ կայացած երկրորդ փուլում 20 քաղաքներից և մունիցիպալիտետներից հաղթանակ է ապահովել 19-ում: Սրանք կավելանան 44 մունիցիպալիտետներում հոկտեմբերի 2-ին կայացած առաջին փուլում «Վրացական երազանք»-ի տարած լիարժեք հաղթանակների շարքին։
Բոլոր մշակված քվեաթերթիկների հաշվարկով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գիորգի Խարչիլավան Ծալենջիխայի մունիցիպալիտետում ձայների 51%-ով հաղթել է «Վրացական երազանք»-ի թեկնածու Գոգա Գոլորդավային՝ դառնալով միակ ընդդիմադիր քաղաքապետը երկրում: Վրաստանի արևմտյան Սամեգրելո շրջանի Ծալենջիխայի մունիցիպալիտետը սահմանակից է Աբխազիայի Գալի շրջանին։
«Վրացական երազանք»-ը կորցրել է մեծամասնությունը նաև Ծալենջիխայի քաղաքային խորհրդում, որտեղ ավագանու 27 անդամներից 16-ը կլինեն ընդդիմադիր խմբերից:
Ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան (գերակշռում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համախոհները), որում ներառված են նաև «Գիրչի – ավելի շատ ազատություն», «Լելո» և «Դրոա» կուսակցությունները, չկարողացավ հաղթել այս ընտրապայքարը բոլոր հինգ ինքնակառավարվող քաղաքներից և ոչ մեկում՝ Բաթումի, Քութայիսի, Փոթի, Ռուսթավի և մայրաքաղաք Թբիլիսիի:
Ռուսթավի քաղաքն առաջին անգամ կունենա կին քաղաքապետ՝ Նինո Լացաբիձեն։
Ձայների ամենափոքր տարբերությունը գրանցվել է Բաթումիում, որտեղ «Վրացական երազանք»-ի թեկնածու Արչիլ Չիկովանին 51%-ով հաղթել է «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գիորգի Կիրթաձեին:
Թբիլիսիում գործող քաղաքապետ Կախա Կալաձեն վերընտրվել է ձայների 56%-ով, իսկ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան հավաքել է 44% ձայն։
Մելիան հայտարարել էր, որ «Գիրչի – ավելի շատ ազատություն», «Լելո» և «Դրոա» կուսակցությունների առաջնորդները կլինեն իր հավանական տեղակալները՝ այդպիսով փորձելով չկողմնորոշված ընտրողներին համոզել, որ քվեարկեն «բազմակարծիք» ուժի օգտին, որն այլընտրանք է Կալաձեի քաղաքապետարանին։
Զուգդիդիի մունիցիպալիտետում քաղաքապետի պաշտոնի համար մղված թեժ պայքարում «Վրացական երազանք»-ի թեկնածու Գիորգի Ցոցերիան հավաքել է ձայների 52%-ը՝ հաղթելով Անզոր Մելիային՝ Նիկա Մելիայի հորը։
Առաջին անգամ է, որ մունիցիպալ ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին լռություն պահպանեց և հրապարակավ քարոզարշավ չանցկացրեց 10 տարի առաջ իր իսկ հիմնադրած կուսակցության օգտին:
Մունիցիպալ այս ընտրություններն առանձնացան նաև նրանով, որ դրանց առաջին անգամ մասնակցեց «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Այն հիմնադրվել է Իվանիշվիլիի նախկին դաշնակից և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից, որն առաջին փուլում հավաքել էր համամասնական ձայների 8%-ը: Քարոզարշավի ողջ ընթացքում Գախարիան փորձում էր իրեն և իր կուսակցությանը հեռու պահել «Միացյալ ազգային շարժում»-ից:
Երկրորդ փուլում նրա կուսակցությունը պայքարում էր ավագանու 11 մեծամասնական տեղի և քաղաքապետի մեկ պաշտոնի համար: Կուսակցությունը բոլոր շանսերն ունի ստանալու մեծամասնական այդ մանդատներից վեցը՝ բոլորն էլ Արևմտյան Վրաստանում:
Երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 49%՝ 3 միավորով պակաս, քան առաջին փուլում։
Ճնշումներ ընտրողների նկատմամբ, հարձակումներ դիտորդների և լրագրողների վրա
Հոկտեմբերի 30-ի քվեարկությունը ստվերեցին խախտումները, այդ թվում՝ լրագրողների վրա հարձակումների մասին բազմաթիվ հաղորդումները:
«Քվեարկության օրվա երկրորդ հատվածում ինտենսիվ լարվածությունը խոչընդոտել է քվեարկության ընթացքը մի քանի ընտրատեղամասում»,- ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտնել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։
Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությունը (ISFED), որը Վրաստանում ընտրությունների վերահսկմամբ զբաղվող կազմակերպություն է, հայտնել է, որ իրենց դիտորդների աշխատանքը խոչընդոտվել է երկրի բազմաթիվ վայրերում:
Ընթացակարգային խախտումներից բացի, ISFED-ը նաև հաղորդել է ձայների գնման երկու հնարավոր դեպք Սև ծովի ափամերձ Բաթումի քաղաքի երկու տեղամասերում:
Մեկնաբանելով քվեարկությունը՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը նույնպես պնդել է, ր դեսպանատան դիտորդները հայտնել են լրագրողների և դիտորդների վրա հարձակումների մասին։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել առնվազն ինը միջադեպի առնչությամբ, այդ թվում՝ չորսը լրագրողների դեմ, մեկ անձ ձերբակալվել է։
Ամենալուրջ միջադեպերից մեկը տեղի է ունեցել Զուգդիդիում, որտեղ ծեծկռտուքի 5 մասնակից կարճ ժամանակով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել «Վրացական երազանքից» Զուգդիդիի մեծամասնական պատգամավոր Իրակլի Չիկովանիի և Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության դիտորդների միջև։
Ոստիկանությունը նաև հետաքննություն է սկսել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածուներից մեկի նկատմամբ մահվան ենթադրյալ սպառնալիքների վերաբերյալ:
Ողջ երկրում ոստիկանությունը նաև հետաքննություններ է բոլոր այն պնդումների վերաբերյալ, որ կուսակցական ակտիվիստներն ընտրողների ցուցակներ են ունեցել իրենց մոտ, ֆիզիկական կամ վերբալ բռնություն են կիրառել դիտորդների նկատմամբ և հավաքվել են ընտրատեղամասին թույլատրվածից ավելի մոտ տարածքներում։
Ամենավերջում արձանագրված խախտումներից մեկը տեղի է ունեցել Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում, երբ անհայտ տղամարդը հարձակվել է Նիկա Մելիայի վրա՝ թիկունքից հարվածելով նրա գլխին:
Մելիան ընտրատեղամաս էր ժամանել, երբ տեղեկություն տարածվեց, որ ընտրատեղամասը հոսանքազրկվել է։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է հարձակումը։