Մայր Աթոռը դիմել է ԱԺ-ին՝ հունվարի 5-ը և 7-ը ևս ոչ աշխատանքային դարձնելու կոչով

Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։

Սեպտեմբերին ՀՀ կառավարութան ներկայացրած և ԱԺ-ի ընդունած օրենքով՝ դեկտեմբերի 30-ը ներառյալ կլինի աշխատանքային, իսկ ազատ օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը։ Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ն ու 7-ը կլինեն աշխատանքային, իսկ հունվարի 6-ը՝ Սուրբծննդյան օրը, ոչ աշխատանքային։

Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․

«Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում:

Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական:

Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։

Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»:

Մեկնաբանել