Բայրաքթարը Դոնբասում․ հնարավո՞ր է արդյոք պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Հոկտեմբերի 25-ին ուկրաինական զինված ուժերը վերհսկողություն հաստատեցին շփման գծին շատ մոտ գտնվող Ստարոմարևկա գյուղի նկատմամբ՝ այդ գործողության ընթացքում առաջին անգամ օգտագործելով թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարք։ Գյուղի բնակիչներից 37-ը ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, ինչը հավելյալ լարվածություն է հաղորդում իրավիճակին։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավարն արդեն հանձնարարել է ստուգել ուկրինական զիված ուժերի վերահսկողության տակ հայտնված Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրման մասին տեղեկությունները, և դրանց հաստատվելու դեպքում քրեական գործ հարուցել։ Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցները հաղորդագրություններ են տարածում ուկրաինական զինված ուժերի՝ շփման գծի երկայնքով տեղակայվելու վերաբերյալ, իսկ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հոկտեմբերի 30-ի հարցազրույցում չի բացառել Ուկրաինայի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից «Բայրաքթարը» կիրառվել է ռուսական հրանոթի ոչնչացման նպատակով, և ուկրաինական զինված ուժերը շարունակելու են համապատասխան պաշտպանական բնույթի գործողությունների իրականացումը։

Իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում սրվել էր նաև 2021-ի գարնանը, երբ Ռուսաստանն ավելի քան 100 000 զինվոր էր կենտրոնացրել Ղրիմում և ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով։ Արևմտյան մի շարք վերլուծաբաններ դեռ այն ժամանակ պնդում էին, որ Ռուսաստանը դրանով փորձում է ճնշում գործադրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բայդենի նկատմամբ՝ ստիպելով նրան զիջումների գնալ Ուկրաինայի հարցում։ Ռուսական փորձագիտական շրջանակները նշում էին, որ Ուկրաինան էր պատրաստվել լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, և միայն Ռուսաստանի կողմից հստակ ազդակները հարկադրեցին Կիևին հրաժարվել այդ գաղափարից։ 2021-ի գարնանը իրավիճակը լիցքաթափվեց ապրիլի վերջին, երբ ռուսական զորքերի մի մասը հետ քաշվեց ռուս-ուկրաինական սահմանից։

Ներկայիս սրացմանը նախորդել էր հոկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցը Ուկրաինա։ Լոյդ Օստինը հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, եվրոատլանտյան ինտեգրացիային և ԱՄՆ–Ուկրաինա ռազմավարական պաշտպանական համագործակցությանը։ Դրանից առաջ՝ օգոստոսի 31-ին, Լոյդ Օստինը և Անդրեյ Տարանը ստորագրել էին «ԱՄՆ–Ուկրաինա ռազմավարական պաշտպանական շրջանակ» փաստաթուղթը, որը երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության խորացման կոնկրետ քայլեր է նախատեսում մինչև 2026-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի համար։

Դժվար է միանշանակ պնդել, որ իրավիճակի նոր սրացումը ուղղակիորեն կապված է այս երկու իրադարձությունների հետ։ Սակայն մեկ բան հստակ է՝ Ուկրաինան չի կարող գնալ էսկալացիայի առանց նախօրոք դա համաձայնեցնելու ԱՄՆ-ի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող «Նորմանդյան քառյակի» անդամ չէ, վերջին շրջանում Ուկրաինան ավելի ու ավելի շատ է իր գործողությունները համաձայնեցնում ամերիկացիների հետ՝ անուշադրության մատնելով Գերմանիային և Ֆրանսիային։ Պատահական չէ, որ հոկտեմբերի 27-ին Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասեն հայտարարեց, որ Գերմանիան խորապես անհանգստացած է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ինտենսիվացմամբ և ուկրաինական զինված ուժերի կողմից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման փաստով։

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը ցանկանում է այս նոր լարվածությունը օգտագործել որպես լծակ Ռուսաստանի նկատմամբ ճնշումները շարունակելու նպատակով։ Չի բացառվում, որ իրավիճակի սրմամբ ԱՄՆ-ը փորձում է կանխել Գերմանիայի Սոցիալ-դեմակրատական կուսակցության ձևավորելիք կառավարության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

Միևնույն ժամանակ, քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի Ռուսաստանի «կարմիր գծերը» հատելու (դրանք առաջին հերթին կապված են Ուկրաինային ՆԱՏՕ-ի «Անդամակցության գործողությունների ծրագիր» շնորհելու հետ) և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ուղղությամբ։

Ռուսաստան–Ուկրաինա նոր պատերազմը կհարկադրի ԱՄՆ-ին էապես ավելի ռազմական և տնտեսական ռեսուրսներ կենտրոնացնել եվրոպական տարածաշրջանում, և կարող է սրել ԱՄՆ-ի հարաբերությունները Գերմանիայի ու Ֆրանսիայի հետ։ Մինչդեռ ԱՄՆ-ը ցանկանում է հնարավորինս սահմանափակել երկրագնդի տարբեր հատվածներում իր ներգրավվածությունը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի դեմ ուժեր կենտրոնացնելու համար։ ԱՄՆ-ին անհրաժեշտ են գործնական հարաբերություններ եվրոպական ծանրքաշայինների հետ՝ նրանց ևս հակաչինական պայքարում ներգրավվելու համար։

Մեկնաբանել