Վրույր Բարսեղյանը բուժում կստանա Ջերմուկի վերականգնողական կենտրոնում․ ՍիվիլՆեթի հրապարակման հետքերով

Ձախից աջ՝ Ֆրունզեն և Վրույրը

Հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող Վրույր Բարսեղյանը նոյեմբերի 1-ից Ջերմուկի վերականգնողական կենտրոնում կսկսի բուժումը։ Հոկտեմբերի 5-ին «Համակցված դասարաններում ուսուցման վատ որակ, ցածր ծնելիություն, արտագաղթ․ գյուղական դպրոցներում խնդիրների շուրջ» վերտառությամբ հոդվածում ՍիվիլՆեթն անդրադարձել էր Վրույր Բարսեղյանի երազանքին. «Կուզեի քայլել, միայն դա է իմ երազանքը: Արդեն երկու տարի է՝ բժշկի չեմ գնացել»:

Օձունի բժշկական ամբուլատորիայի տնօրեն, բժշկուհի Անահիտ Նալբանդյանը հոկտեմբերի 27-ին ՍիվիլՆեթին պատմեց, որ առողջապահության նախարարությունն արձագանքել է Վրույր Բարսեղյանի երազանքին: Հոդվածի հրապարակման հաջորդ օրը նախարարությունը բժշկական ամբուլատորիայի տնօրենից տեղեկություններ է պահանջել Վրույր Բարսեղյանի առողջական վիճակի մասին, ապա հանձարարել է համապատասխան նեղ մասնագետների հետ գնահատել երեխայի առողջական վիճակը և նրա համար մշակել վերականգնողական բուժման անհատական ծրագիր:

Բարսեղյան եղբայրները բժշկուհի Նալբանդյանի հետ

Անահիտ Նալբանդյանի խոսքով՝ Վրույր Բարսեղյանը մանկական ուղեղային կաթված ունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրույր Բարսեղյանը վերջին երկու տարիներին բժշկական զննության չի ենթարկվել, առողջապահության նախարարության հանձնարարությամբ երեխան զննության է ենթարկվել նախ Վանաձորի «Գուգարք» պոլիկլինիկայում գործող վերականգնողական կենտրոնում՝ բժշկուհի Հերմինե Քոչինյանի կողմից: Նա եզրակացրել է, որ Վրույրը վերականգնողական բուժման և մանկական օրթոպեդ-վնասվածքաբանի խորհրդատվության կարիք ունի:

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Վահե Յավրյանի եզրակացության համաձայն՝ Վրույրին անհրաժեշտ է սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, պլաստիկից՝ հինգ-չորս զույգ, օրթոպեդի կոշիկներ, քայլակ՝ մանկական ուղեղային կաթվածով անձանց համար՝ 1102 կոդով: Վահե Յավրյանը Վրույրին վերցրել է դիսպանսերում հսկողության ներքո և վեց ամսից կրկնակի այց է նշանակել:

Նոյեմբերի 1-ից Վրույրը բուժման նպատակով մեկնելու է Ջերմուկի «Արարատ» վերականգնողական կենտրոն՝ ավագ եղբոր՝ Ֆրունզե Բարսեղյանի ուղեկցությամբ:

Բժշկուհի Նալբանդյանի խոսքով՝ Վրույր Բարսեղյանի վերականգնողական բուժման կուրսի մեկնարկը տրված է․ «Համոզված եմ, որ նա Ջերմուկից կվերադառնա հենաշարժական համակարգի դրական փոփոխություններով, քանի որ մեզ մոտ հաշվառված՝ հաշմանդամություն ունեցող այլ երեխաներ այդ առողջարանում վերականգնողական բուժում ստանալուց հետո արձանագրել են դրական տեղաշարժեր»: Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ առողջապահության նախարարությունը և Լոռու մարզպետարանը Ջերմուկի վերականգնողական կենտրոնում բուժվելու համար Վրույրին կաջակցեն նաև հաջորդ տարի: Նրա խոսքով՝ Ջերմուկում Վրույր Բարսեղյանի մեկամսյա բուժման ընթացքում ձեռք կբերեն նաև նրան անհրաժեշտ օրթեզները, օրթոպեդի կոշիկները և քայլակը:

Վրույրի հետ այս անգամ հանդիպեցինք Օձունի բժշկական ամբուլատորիայում:

«Ես շնորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար»,- ասաց տղան:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել