Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը

Ռոման Տրոցենկոն սեղմում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Հայաստանի կառավարությունը որոշել է գաղտնի պահել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի՝ վարչապետի աշխատակազմին նվիրատվության պայմանագիրը։ Նվիրատվությունն իրականացվել էր Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից։

Սեպտեմբերի 30-ին Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որը գրանցված է Մոսկվայում, ձեռք բերեց կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը՝ դրա 25 տոկոսը նվիրելով վարչապետի աշխատակազմին։ Այդ 25 տոկոսը կոմբինատի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսն է։ Հոկտեմբերի 4-ին Սիվիլնեթը դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը։

Նոյեմբերի 1-ին կառավարությունը պատասխանել է՝ «նվիրատվությունը կատարվել է համապատասխան պայմանագրի հիման վրա, որը կոմերցիոն, առևտրային բնույթի պայմանագիր է՝ առևտրային գաղտնիք պարունակող, ուստի չի կարող հրապարակվել»։

Ըստ ստացված պատասխանի՝ պայմանագրի գաղտնի լինելու դրույթը սահմանված է հենց նվիրատվության պայմանագրի մեջ։ Կառավարությունը նվիրատվության պայմանագիրը թաքցնելուն զուգահեռ նշում է՝ նվիրատվության պայմանագրի հիմնական տվյալները արտացոլված են կառավարության սեպտեմբերի 30-ի թիվ 1613-Ա որոշման մեջ։ Դրանում նվիրատվության պայմանագրի հիմնական պայմանները, սակայն, նշված չեն, միայն տեղեկացվում է, որ «Արդյունաբերական ընկերություն»-ը ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսն ու դրա 15 տոկոսը նվիրել է կառավարությանը, իսկ կառավարությունն էլ ընդունում է այն ու բաժնետոմսերի կառավարումը վերապահում վարչապետի աշխատակազմին։

ՍիվիլՆեթը հարց էր ուղղել նաև կառավարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդում կառավարությունը որպես բաժնետեր քանի՞ անդամ է ունենալու։ Դրան ի պատասխան տեղեկացրել են՝ «բաժնետիրական ընկերության այն բաժնետերերը, որոնք տիրապետում են ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների 10 և ավել տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել խորհրդի կազմում կամ դրանում նշանակել իրենց ներկայացուցչին։ Ըստ այդմ՝ ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կառավարությունն ունենալու է իր ներկայացուցչին»։

ՍիվիլՆեթը դիմել էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին՝ բաժնետոմսերի 60 տոկոսի առքուվաճառքի պայմանագիրը տրամադրելու համար։ Ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը մերժել էր՝ առևտրային գաղտնիք լինելու հիմքով։ Փաստացիորեն ոչ կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի, ոչ նվիրատվության պայմանագրերը չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետեր Միխայիլ Զուրաբովը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել ԶՊՄԿ-ի 60 տոկոսի առքուվաճառքի պայմանագիրն ու նվիրատվության պայմանագիրը, նաև՝ բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրեն։ Նրա պահանջով արգելանք է դրվել «Արդյունաբերական ընկերության» 60 տոկոս բաժնետոմսերի վրա։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել