Գյումրին նոր քաղաքապետ ունի

Գյումրիի նոր քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն է՝ «Բալասանյան» դաշինքի ավագանու ցուցակի առաջին համարը։ Ավագանու անդրանիկ նիստում Սամսոնյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին «Բալասանյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»։ Սամսոնյանին կողմ քվեարկեց ավագանու 24 անդամ։

Ավագանու մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Զարթոնք», «Ապրելու երկիր» խմբակցությունները դեմ են քվեարկել Սամսոնյանի թեկնածությանը։ «Վստահ եմ՝ 5 տարվա համատեղ ճանապարհը իրավունք է տալու պարզճակատ կանգնել մեր քաղաքացիների առաջ ու փաստել, որ արել ենք հնարավորն ու անհնարինը ավելի լավ Գյումրի ունենալու համար»,- ընտրությունից հետո՝ հատուկ շնորհակալություն հայտնելով՝ ասաց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել էր «Բալասանյան» դաշինքը, երկրորդ տեղում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Շեմը հաղթահարել են ու Գյումրիի ավագանիում ներկայացուցիչներ կունանեն նաև «Զարթոնք», ՀՀԿ և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

«Բալասանյան» դաշինքը ավագանիում կունենա 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 11, «Զարթոնք»-ը՝ 4, ՀՀԿ-ն՝ 2, իսկ «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ։

Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր կնքեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Այս հուշագրով ՔՊ-ին բաժին կհասնի Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը, որին ըստ շրջանառվող լուրերի, հավակնում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրը։

Գյումրիի նոր քաղաքապետը նախկինում աշխատել է Գյումրիի գարեջրի գործարանում, քաղաքապետարանի բյուջեի հաշվառման ու հավաքագրման բաժնում, «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային հիմնարկում։

Մեկնաբանել