Ձերբակալվել է Նորք-Մարաշի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

Քննչական կոմիտեի պարզել է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, ձեռք բերելով հողատարածքը գնել ցանկացող քաղաքացու վստահությունը, փորձել է խարդախությամբ վաճառել այն և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 4,8 մլն դրամ գումար»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ըստ Կոմիտեի՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով, մինչև սեփականաշնորհման գործընթացի սկսվելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչնդոտները վերացնելու համար գնորդից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը»։

Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ձերբակալվել է։

Մեկնաբանել