Լավրովը և Միրզոյանը քննարկել են հրադադարի պայմանավորվածությունների ընթացքը՝ նոյեմբերի 9-ի տարելիցին ընդառաջ

ararat-mirzoyan-sergey-lavrov

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք եռակողմ փաստաթղթի մոտեցող տարելիցը ղարաբաղյան հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Հատուկ ուշադրություն է դարձվել մարդասիրական հրատապ խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և կրոնական-մշակութային ժառանգության պահպանմանը: Մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերով։ Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը ։

Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության ակտուալ ասպեկտներին ՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկա երկկողմ շփումները։ Արձանագրվել է դաշնակցային փոխգործակցության առաջընթաց զարգացում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային սյուժեներ»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել