Ալեն Սիմոնյանն ու իշխանական պատգամավորները հունական կղզում հանգստացել են հայտնի գործարարի հետ․ «Հետք»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական Միկոնոս կղզում գործարար, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանի հետ: Այս մասին գրում է «Հետքը»։

Սեպտեմբերի 6-9-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց միջազգային երկու հավաքի: Դրա կազմում ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը չեն եղել, բայց նրանք Սիմոնյանի հետ գտնվել են Միկոնոսում: ԱԺ նախագահը «Հետքին» հայտնել է, որ մինչեւ Վիեննա մեկնելը արձակուրդում չի եղել, սակայն սեպտեմբերի 6-ին «Ինստագրամ» սոցցանցի իր էջում նա Հունաստանից լուսանկար էր հրապարակել կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ՝ գրելով՝ «3 օր հանգիստ, երեք տարի անց»:

Սիմոնյանն ու ընկերները Միկոնոսում են եղել ամսի 6-ին նախորդող օրերին: «Հետքի» հարցին, թե որ օրերին է եղել կղզում, պաշտոնյան պատասխանել է. «Մասնավոր կյանքին առնչվող մեկնաբանություններ չեմ անում»։ Այսկերպ նա պատասխանել է մեր 12 հարցից 5-ին:

Աղմուկ հանած տեսանյութը, որում պարում են ԱԺ խոսնակն ու վարչապետի աներորդի Հ. Հակոբյանը, նկարվել է սեպտեմբերի 4-ին: Տեսանյութը մոնտաժված է, բայց դրա մի դրվագում տեսանելի է ամսաթիվը: «Հետքը» պարզել է, որ տեսանյութում Միկոնոսի հյուսիսում գտնվող Պանորմոս ծովածոցի «Պրինսիպոտե» ռեստորանն է, որն ունի նաեւ լողափ՝ իր հարմարություններով (ինստագրամյան իր էջում այս լողափից լուսանկար է հրապարակել Սիմոնյանի կինը): Օնլայն ամրագրումների tripadvisor.com կայքում զգալի են բողոքներն այս ռեստորանի ու լողափի ծառայությունների վատ որակից եւ թանկ գներից: Ալեն Սիմոնյանը չի պատասխանել հարցին, թե ինչ կարծիք ունի ինքը, եւ արդյոք ԱԺ նախագահի համար մատչելի էր «Պրինսիպոտեն»:

Ռեստորանի տեսանյութում պարելիս երեւում են ոչ միայն Սիմոնյանն ու Հակոբյանը, այլեւ ԱԺ նախագահի կինն ու «Վիվառո» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Բադալյան եղբայրներից կրտսերը՝ Վիգենը: Տեսանյութում նա սեւ-սպիտակ գլխարկով է, որը կարելի է տեսնել նաեւ գործարարի ֆեյսբուքյան նկարներում:

Սեպտեմբերի 5-ին համացանցում տարածվեցին նաեւ լուսանկարներ, որտեղ երեւում են կղզու ամենամեծ քաղաքի՝ Միկոնոսի «Void» գիշերային ակումբի մուտքի մոտ կանգնած Սիմոնյանը (հավանաբար, կնոջ հետ), Աղաջանյանը, Հակոբյանն ու Վիգեն Բադալյանը:

«Թե որտեղ է ժամանակ անցկացրել ԱԺ նախագահը, ակամա օգնել են պարզել ինքն ու կինը՝ «Ինստագրամում» նկարներ հրապարակելով կղզու տարբեր կետերից: Սիմոնյանի հրապարակած լուսանկարն արվել է Միկոնոսի հարավային Օրնոս ծովածոցի մոտ: Այդտեղից լուսանկարներ է տեղադրել նաեւ պաշտոնյայի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Դրանց տեղորոշումը թույլ է տալիս ասել, որ ԱԺ խոսնակը ժամանակ է անցկացրել «Marriott» համաշխարհային ցանցի «Santa Marina» 5-աստղանի հանգստավայրում, որն Օրնոս ծոցի ափին առաջարկում է հյուրանոցային համարներ ու վիլլաներ, սպա կենտրոն, բարեր եւ ռեստորան, ընդհանուր լողավազան եւ լողափ: Ալեն Սիմոնյանի կնոջ հրապարակած լուսանկարներն արվել են հյուրանոցային համարներից մեկի բացօթյա պատշգամբում եւ «Buddah-Bar»-ում: Վերջինս եւս համաշխարհային ցանց է՝ ներկայացված տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Միկոնոսում: Այն առաջարկում է ասիական խոհանոց եւ ծովամթերքներ: Օրինակ՝ սեւ խավիարի 28 գրամը 280 եվրո է, մեկ անձի համար ճաշի արժեքը՝ 107-150 եվրո»,- գրում է կայքը։

Սեպտեմբերի 5-ին Միկոնոսի օդանավակայանից Երեւանի «Զվարթնոց» է ժամանել Մալթայի «VistaJet» ավիաընկերության «Bombardier Challenger 850» ինքնաթիռը (մալթայական գրանցումը՝ 9H-ILV, ուղեւորների առավելագույն քանակը՝ 14): Աերոտաքսու ծառայություններ մատուցող օդանավն այդ օրն առավոտյան գերմանական Բադեն-Բադենից թռել էր Միկոնոս, որտեղ հասնելուց մեկ ժամ անց ուղղություն էր վերցրել Երեւան: Թե ովքեր են եղել ինքնաթիռում, կարելի է ենթադրել, բայց կարող ենք պնդել, որ «VistaJet»-ը Միկոնոսից ուղեւոր է տեղափոխել Երեւան, որտեղից մեկնել է միայն ամսի 7-ին՝ հերթական պատվիրատուի հետեւից:

Հետաքրքիրն այն է, որ դա եղել է մալթայական ավիաընկերության ինքնաթիռ: «Վիվառոյի» հիմնադիր Վահե եւ Վիգեն Բադալյանները ոչ միայն տարբեր ընկերություններ են հիմնել Մալթայում, այլեւ 2016-ին այդ երկրի քաղաքացի են դարձել կատարած ներդրումների դիմաց: Այս մասին «Հետքը» գրել է նախորդ տարի:

«Խորհրդարանի 3 անդամների՝ գործարար Վիգեն Բադալյանի հետ շքեղ եւ թանկ ծառայություններով հայտնի հունական կղզում անցկացրած ժամանակը շարքային հարկատուին ստիպում է խիստ կասկածով նայել իշխանության ներկայացուցիչ պատգամավորների վարքագծին, որն այս պարագայում զերծ չէ շահերի բախում եւ կոռուպցիոն ռիսկ առաջացնելու հավանականությունից։ Ժամանակին Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծն ու դրանից «Վիվառոյի» ստացած ենթադրյալ մեծ օգուտները եւ այդ ֆոնին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ու խոշոր բիզնեսմենի համատեղ ժամանցն առաջացնում են տրամաբանական հարցեր, որոնց իրենք՝ քաղաքացիների վճարած հարկերից աշխավատավարձ ստացող հանրային պաշտոնյաները, չեն պատասխանում՝ թաքնվելով «անձնական կյանքի» վահանի տակ»,- գրել է «Հետքը»։

Հետաքննությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել