Բջջային հեռախոսը հասանելի է երկրագնդի բնակչության երեք քառորդին․ ՀԲ

Բջջային հեռախոսն այժմ հասանելի է աշխարհի բնակչության երեք քառորդին, ասված է Համաշխարհային բանկի և infoDev տեխնոլոգիական ընկերության «Տեղեկատվությունը և հաղորդակցությունը հանուն զարգացման – 2012․ Շարժական հեռախոսակապի առավելագույն օգտագործումը» համատեղ զեկույցում։ Վերջինիս համաձայն՝ ներկայում շարժական կապն ամբողջ աշխարհում ունի մոտ 6 մլրդ բաժանորդ՝ 2000 թ. 1 մլրդ-ի համեմատ։

2011թ. ներբռնվել է բջջային հեռախոսի ավելի քան 30 միլիարդ կիրառական ծրագիր, նշում են ՀԲ-ի փորձագետները։ Զարգացող երկրներում քաղաքացիներն ավելի հաճախ են օգտագործում բջջային հեռախոսները՝ ապրուստի նոր միջոցների ստեղծման և իրենց ապրելակերպի բարելավման համար, իսկ կառավարությունները դրանք օգտագործում են ծառայությունների մատուցումը և քաղաքացիներից հետադարձ կապ ստանալու մեխանիզմները կատարելագործելու նպատակով:

«Զարգացող երկրներում շարժական հեռախոսակապի շուրջ հինգ միլիարդ բաժանորդագրությունների պայմաններում շարժական հեռախոսակապը հսկայական հնարավորություններ է առաջարկում մարդկային և տնտեսական զարգացումը բարելավելու համար՝ առողջապահական տեղեկությունների հիմնական հասանելիության ապահովումից մինչև կանխիկ վճարումների կատարում, աշխատատեղերի ստեղծման խրախուսում ու ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիների ներգրավման խթանում»,- նշում է ՀԲ-ի՝ կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռեյչըլ Քայթը: «Արդի մարտահրավեր է զարգացող երկրներում հնարավորության ստեղծումը, որ մարդիկ, տնտեսավորողները և կառավարությունները մշակեն տվյալ երկրին համապատասխան բջջային կիրառական ծրագրեր, որպեսզի կարողանան լիարժեք օգտագործել այս հնարավորությունները»,- համոզված է Քայթը:

ՀԲ-ի «Հանուն զարգացման տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ-ներ) մասին» շարքի երրորդ զեկույցում վերլուծվում են շարժական հեռախոսակապի ոլորտի աճը և զարգացումը։ Զեկույցում ուսումնասիրվում են ձևավորվող «կիրառական ծրագրերի տնտեսության» զարգացման հետևանքները, հատկապես գյուղատնտեսության, առողջապահության, ֆինանսական ծառայությունների և կառավարման ոլորտում։:

«Շարժական կապի հեղափոխությունը գտնվում է իր աճի կորի ճիշտ սկզբնամասում. շարժական սարքերն աստիճանաբար էժանանում և հզորանում են, իսկ ցանցերի թողունակությունը գրեթե 18 ամիսը մեկ կրկնապատկվում է և ընդլայնվում գյուղական վայրերի ուղղությամբ»,- նշում է ՀԲ-ի ՏՀՏ քաղաքականության ոլորտի գլխավոր մասնագետ և զեկույցի համահեղինակ Թիմ Քելլին։

Զեկույցում անդրադարձ է կատարվում բջջային կիրառական ծրագրերի մշակումը հնարավոր դարձնելու գործում կառավարությունների դերին։ Նշվում է, թե ինչպես շարժական կապի նորարարական լաբորատորիաները՝ ծրագիր մշակողների ուսուցման և նորաստեղծ ընկերությունների ինկուբացիայի համար համատեղ օգտագործվող տարածքը կարող են օգնել նոր կիրառական ծրագրերի մուտքը շուկա ապահովելու գործում:

Օրինակ՝ infoDev-ը Հայաստանում, Քենիայում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում և Վիետնամում Ֆինլանդիայի կառավարության և Nokia-ի հետ համատեղ ստեղծել է բջջային կապի նորարական հինգ տարածաշրջանային լաբորատորիա (mLabs):

infoDev-ն օգտագործում է նաև բջջային սոցիալական ցանցի միջոցով շարժական կապի հանգույցներում (mHubs) ձեռներեցների և այլ շահագրգիռ կողմերի միջև գործարար կապերի հաստատումը:

Մեկնաբանել