Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է Պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը կարևորել է նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:

Ըստ հաղորդագրության՝ Ջուանշեր Բուրչուլաձեն արդյունավետ է գնահատել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։