«Անընդունելի է աշխատանքն առժամանակ դադարեցնելը»․ նախարարության արձագանքը՝ վարորդների ակցիային

Առողջապահության նախարարությունը «անթույլատրելի և անընդունելի է» համարում շտապբուժօգնության ծառայության վարորդների բողոքի ակցիան, քանի որ դրա պատճառով առժամանակ դադարեցվել է նրանց աշխատանքը։ Նախարարության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը:

Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:

Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ։

***

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, շտապօգնության վեցերորդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Վարորդները շեշտել են, որ աշխատում են գերծանրաբեռնված, սպասարկում են և՛ կորոնավիրուսով վարակված, և՛ այլ պացիենտների: Նրանք նշել են, որ կանչերն այնքան շատ են, որ իրենք չեն հասցնում պատշաճ սպասարկել բոլորին, բացի այդ աշխատավարձի խնդրի առաջ են կանգնում։