Մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում․ Մարտին Գալստյան

մարտին գալստյան - martin galstyan- կբ նախագահ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 2-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 7,25%, որը պայամանավորված է գնաճի կայուն վարքագծով: Այդ մասին նոյեմբերի 2-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը նկատեց, որ 2021թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 8,9%:

«12-ամսյա բնականոն գնաճը ևս սեպտեմբերին ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ պահպանվելով 8,0% մակարդակում», – ասաց ԿԲ նախագահը՝ նկատելով, որ չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնումը:

Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը պահպանվում է՝ պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի զգալի ընդլայնմամբ, որը արտացոլվում է նաև գործընկեր երկրների ներքին գնաճերի արագացման վարքագծում:

«ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղի ակնկալվող դանդաղմամբ: Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը` արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների և մասնավոր խնայողությունների նվազման հետևանքով», – ասաց նա:

Այս պարագայում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը: «Միևնույն ժամանակ, հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ», – ասաց նա:

Չնայած արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում գնաճային ազդեցությունների պահպանմանը՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարեվերջից դրամավարկային պայմանների` ապագային միտված և հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ: Ուստի, Խորհուրդը նպատակահարմար է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայում թողնել անփոփոխ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ, ասված է ԿԲ խորհրդի հայտարարության մեջ:

Մեկնաբանել