Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։

«Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոյեմբերին ստորագրված եռակողմ փաստաթղթի մոտեցող տարելիցը ղարաբաղյան հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակմանն ու տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը․ «Լավրովը կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մեկնաբանել