Հայաստանում ամբողջությամբ պատվաստվել է 254 հազար մարդ կամ չափահաս բնակչության 12 %-ը

Նոյեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստվել է շուրջ 254 հազար մարդ կամ չափահաս բնակչության 12 տոկոսը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում իրականացվել է 817 290 պատվաստում։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 562 000 քաղաքացի կամ բնակչության 28 %-ը, երկրորդ դեղաչափով պատվաստվել է 254 000 քաղաքացի կամ 12 %-ը:

«Վերջին մեկ ամսում պատվաստումների թվի կտրուկ աճ ունենք»,- նշել է Ավանեսյանը։

***

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ» և «Մոդեռնա » պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են։

Մեկնաբանել