Նոյեմբերի 4-ից Արցախում կարանտին է սահմանվում

Նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից։

Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի տարածման հարցերին։

«Խորհրդակցությանը առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը տեղեկացրել է, որ վերջին ամսվա ընթացքում Արցախում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։ Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբեր 2-ին Արցախում կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է թեստերի 42,1 տոկոսը։ Մեկ օրում գրանցվել է 1 մահվան դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք»,- հայտնում են նախարարությունից։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 343 քաղաքացու հետազոտություն, որից 2 273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մեկնաբանել