Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին, հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը։

«ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Տրամադրված ենք նույն ոգով շարունակել փոխգործակցությունը և պատրաստ ենք քննարկել հետագա համատեղ անելիքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը:

«Հիմնադրամը կշարունակի օժանդակել Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության լավարկման, հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի ռազմավարության իրականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ»,- ընդգծել է Նաթան Փորթերը։

Վարչապետը շեշտել է, որ բարեփոխումների հիմքը կրթական ռեֆորմն է: Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում․ «Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է: Այս համատեքստում զարգացնում ենք նաև հեռավար կրթության համակարգը: Նախաձեռնել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որը նաև կնպաստի աշխատավարձի համակարգի բարեփոխմանը»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը արձանագրել են, որ կողմերի պատկերացումները ՀՀ-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքի վերաբերյալ «ընդհանուր առմամբ նույնական են և պայմանավորվել են շարունակել արդյունավետ գործընկերությունը»։

Մեկնաբանել