Զախարովան եռակողմ հանդիպման և նոր փաստաթղթերի ստորագրման մասին «տեղեկություն դեռ չունի»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման և եռակողմ նոր փաստաթղթերի մասին «տեղեկություն դեռ չունի»։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով առաջիկայում Փաշինյան, Ալիև, Պուտին հնարավոր հանդիպման վերաբերյալ շշուկներին, Զախարովան ասաց․ «Ես նման տեղեկություն դեռ չունեմ։ Եկեք, դա թողնենք հենց ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին։ Եթե նրանց մոտ կհայտնվի նման տեղեկությունը, նրանք մեզ հետ կկիսվեն»։

***

Հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում, հնարավոր է, Մոսկվայում կայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալիք Մեդիա լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախատեսվում է՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն։ Ըստ Ալիք Մեդիայի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, ասել էր․ «Եվ այս պահին, և ընդհանրապես քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ։ Եվ ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»։

Միրզոյանը, սակայն, հերքել էր մամուլում քննարկվող 2 փաստաթղթերի ստորագրումը. «Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում»։

Մեկնաբանել