Քավալան հայտարարել է, որ անիմաստ է համարում մասնակցությունը իր գործով դատական նիստերին

Թուրք հայտնի հասարակական գործիչ, բարերար Օսման Քավալան անիմաստ է համարել մասնակցել իր գործով դատական նիստերին և հանդես գալ ինքնապաշտպանական ճառերով: Նա իսպառ վերացած է համարել Թուրքիայում արդար դատավարությունը՝ հիշատակելով նաև իր հասցեին Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «սորոսական» լինելու պիտակավորումը: Քավալան այդ մեղադրանքը լիովին անհիմն է համարում:

Քավալայի խոսքով՝ նա ներգրավվել է Թուրքիայում ստեղծված «Բաց Հասարակության Հիմնադրամ»-իվարչության աշխատանքներին, սակայն երբեք չի ստանձնել դրա նախագահությունը: Քավալան նկատում է, որ Էրդողանը հիմնադրամի գործունեությունից առաջ է հանդիպել Ջորջ Սորոսին: Նա հիշեցնում է 2015թ. նոյեմբերին Սորոսի վերջին այցը Թուրքիա, որին ներկա են գտնվել երկրում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության անդամները, ինչպես նաև Էրդողանի խորհրդականները: Նա ընդգծում է, որ ինքը ոչ միայն չի մասնակցել դրան, այլև տեղեկացված չէ մանրամասնությունների մասին:

Նոյեմբերի 2-ին լրացել է Օսման Քավալայի բանտարկության չորս տարին, ինչի կապակցությամբ նա տարածել է հաղորդագրություն: Քավալան նշում է, որ այդ տարիները ոչ միայն զրկել են իրեն «կյանքից», այլ նաև փորձ է կատարվել հասարակությունում իրեն պատկերելու «մշուշի» մեջ: Նա մխիթարանք է համարում այն, որ իր դատավարության փորձը կնպաստի դատական համակարգի խնդիրների լուծմանը և հույս հայտնել, որ իրենից հետո դատարանում մեղադրվողների հանդեպ գուցե ավելի արդար դիրքորոշում որդեգրվի:

2018թ. փետրվարի 19-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը ազատ էր արձակել Anadolu Kultur-ի ղեկավար Օսման Քավալային, որը մեղադրվում էր Ստամբուլի Գեզի պուրակում հակակառավարական ցույցերը գլխավորելու համար, նրան ցմահ ազատարկում էր սպառնում: Սակայն նա նորից ձերբակալվեց և այս անգամ մեղադրվեց 2016թ. հեղաշրջման փորձի մեջ:

Վերջերս՝ հոկտեմբերին, Օսման Քավալայի ձերբակալման գործը հայտնվեց միջազգային օրակարգում այն բանից հետո, երբ Թուրքիայում հավատարմագրված արևմտյան տասը երկրների դեսպաններ (Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Կանադա, Դանիա, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա, Նորվեգիա, Նոր Զելանդիան), պահանջեցին անհապաղ ազատ արձակել Քավալային: Այդ աղմուկը մեծ տարածում գտավ, քանի որ Էրդողանը սպառնաց պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ հայտարարել այդ երկրների դիվանագետներին: Խնդիրը կարգավորվեց այն բանից հետո, երբ վերոնշյալ տասը երկրներն իրենց հավատարմությունը հայտնեցին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին, որը նախատեսում է հարգել հյուրընկալող կողմի օրենքներն ու չմիջամտել տվյալ պետության ներքին գործերին:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել