Կարանտինն Արցախում նախատեսում է, որ 20-ից ավել մարդ չհավաքվի, միջոցառումներ չանցկացվեն

2021-ի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին․ այս մասին հայտնել են Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից։

Սահմանափակումների մասին մանրամասներ պարզելու համար ՍիվիլՆեթը կապ հաստատեց Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվական անվտանգության և վերլուծության վարչության պետ Տիգրան Աթանեսյանի հետ։ Վերջինս ասաց, որ այդ կապակցությամբ որոշումներն ընդունում են տեղական ինքնակառավարման մարմինները։

«Իմ տեղեկությամբ՝ խոշոր բնակավայրերում առաջին հերթին հանրային միջոցառումներն են սահամանափակում։ Ավելի կոնկրետ տեղեկություններ ստանալու համար դիմեք համայնքներին», – ասաց Աթանեսյանը։

Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանն ասաց, որ այսօր՝ ժամը 22։00-ից, կարանտինը գործելու է։

«Կարանտինը նախատեսում է, որ 20-ից ավել մարդ չհավաքվի, միջոցառումներ չանցկացվեն։ Իսկ դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում», -ասաց Գյուրջյանը։

Ինչպես հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը, նոյեմբերի 3-ին կատարվել է 207 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձանց: Թեթև դեպքերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արձանագրվել է երկու մահ:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել