Ղարաբաղյան կարգավորման յոթ պլանները, որ ներկայացվել են 1997-ից ի վեր

Կազանյան հանդիպում, 2011 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կազան, հունիս, 2011:

Կարեն Հարությունյան

1997-ից ի վեր Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կամ նրա առանձին անդամներ ներկայացրել են կարգավորման յոթ պլան։ Այդ բոլոր պլաններն անխտիր ճանաչել են Լեռնային Ղարաբաղի՝ ԼՂԻՄ-ի ունեցած սահմանները` կարգավիճակի խնդրից անկախ։ ՍիվիլՆեթը համառոտ ներկայացնում է կարգավորման այդ առաջարկները։

1997, Փաթեթային տարբերակ

Այս պլանը կողմերին ներկայացվել է 1997-ի հուլիսին։ Այն նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի ներառում Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ որպես պետական և տարածքային կազմավորում։ Այն նախատեսում էր Հայաստանի հետ ցամաքային կապ Լաչինի միջանցքով, որը Ադրբեջանը վարձակալության էր հանձնելու ԵԱՀԿ-ին, իսկ վերջինս էլ միջանցքի օգտագործումը տրամադրելու էր բացառապես Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Նախկին ԼՂԻՄ-ի շուրջ հայկական կողմի զբաղեցրած տարածքները վերադարձվում էին Ադրբեջանին։

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ էր այս պլանին, բայց այն մերժվեց ՀՀ-ի և ԼՂՀ-ի այն ժամանակվա մյուս ղեկավարների կողմից։

Տե՛ս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (նախագիծ)

1997, Փուլային տարբերակ

Այս պլանը կողմերին ներկայացվել է 1997-ի դեկտեմբերին։ Այն նախատեսում էր նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գտնվող տարածքների աստիճանական վերադարձ Ադրբեջանին՝ բացի Լաչինի շրջանից, խաղաղապահների տեղակայում, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը անվտանգության երաշխիքների տրամադրում և Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում հետագա բանակցությունների ընթացքում։

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այս տարբերակին ևս կողմ էր, սակայն այն կրկին մերժվեց ՀՀ-ի և ԼՂՀ-ի այն ժամանակվա մյուս ղեկավարների կողմից։

Տե՛ս՝ Փուլային տարբերակ. Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր (նախագիծ)

1998, Ընդհանուր պետություն

Այս տարբերակը առաջարկեց Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը, որը ներկայացրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1998-ի նոյեմբերին։

Կարգավորման այս պլանով Լեռնային Ղարաբաղը համարվում էր «հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում, որը Ադրբեջանի հետ միասին ձևավորում է «ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները ունենալու էին Ադրբեջանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով, Լեռնային Ղարաբաղը մասնակցելու էր Ադրբեջանի արտաքին քաղաքականությանն այն հարցերում, որոնք կշոշափեին իր շահերը, Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ուներ ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

«Ադրբեջանը մերժեց այս պլանը՝ նախքան Հայաստանը և Ղարաբաղը պաշտոնական կարծիք կհայտնեին։ Ընդհանուր պետության վերաբերյալ փաստաթուղթն ընդունելի չէր նաև հայկական կողմի համար։ Չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից»,- իր հուշագրություններում գրում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Տե՛ս՝ «Ընդհանուր պետություն». հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին

2001, Քի Վեսթ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ադրբեջանի իր պաշտոնակից Հեյդար Ալիեւի հետ Քի Վեսթում, Ֆլորիդա, ապրիլ, 2001:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ քաղաքում քննարկած տարբերակը ենթադրում էր նախկին ԼՂԻՄ-ի միացում Հայաստանին՝ ցամաքային միջանցքով հանդերձ, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ադրբեջանական տարածքների վերադարձ Ադրբեջանին, ինչպես նաև անարգել և անխափան հաղորդակցության ապահովում Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Քննարկվել է էստակադաների կամ կամուրջների կառուցման միջոցով այդ կապի ապահովումը։

Ադրբեջանի նախագահը սկզբում համաձայն էր, սակայն վերադառնալով Բաքու՝ մերժեց այդ պլանը։

Տե՛ս՝ Քի Վեսթ` չիրացված հնարավորություն

Քի Վեսթ․ բաց թողնված հնարավորությունը

2007, Մադրիդյան պլան

2007-ի վերջին Մադրիդում ներկայացված պլանը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում պլեբիսցիտի միջոցով՝ 1988-ի էթնիկ համամասնությամբ։ Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չէր լինելու և հնարավոր էր յուրաքանչյուր կարգավիճակ:

Մադրիդյան պլանով՝ հայկական ուժերը դուրս էին բերվում ԼՂԻՄ-ի շուրջ ադրբեջանական տարածքներից, այդ թվում՝ Քելբաջարի շրջանից։ Քելբաջարի շրջանը գտնվելու էր միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու էր հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ։ Այն ավելի ուշ էր փոխանցվելու Ադրբեջանին։ Լաչինի միջանցքով Ղարաբաղը ցամաքային կապ էր ունենալու Հայաստանի հետ։ Միջանցքի լայնությունը պետք է համաձայնեցվեր։ Նախքան պլեբիսցիտը՝ Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ։

Կողմերը համաձայնեցին այս սկզբունքների հիման վրա շարունակել բանակցությունները։

Տե՛ս՝ Մադրիդյան սկզբունքներ – ամբողջական տեքստ

Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries, L’AQUILA

2011, Կազանյան պլան

2011-ի հունիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացված պլանը ենթադրում էր փաթեթային կարգավորում ֆիքսված փուլերով՝ հինգ շրջանների (Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Կուբաթլուի) վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, խաղաղապահ ուժերի տեղակայում նոր ձևավորված շփման գծի երկայնքով, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով և Քելբաջարի ու Լաչինի շրջանների վերադարձ Ադրբեջանին (բացառությամբ Լաչինով անցնող միջանցքի) հանրաքվեի անցկացումից հետո։

Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել փաստաթուղթը, սակայն այն մերժվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

Տե՛ս՝ Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կազան, հունիս, 2011:

2015, Լավրովի պլան

2015-ից սկսած Ռուսաստանն առաջ քաշեց Կազանի փաստաթղթի սեփական մոդիֆիկացիան, որը հայտնի է որպես Լավրովի պլան։ Այն նախատեսում էր նախկին ԼՂԻՄ-ին սահմանակից սկզբում հինգ, ապա մնացած երկու շրջանների վերադարձ Ադրբեջանին առանց ապագայում հանրաքվեի անցկացման երաշխիքների, Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովման նպատակով նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմանների և Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի երկայնքով բացառապես ռուս խաղաղապահների տեղակայում, հաղորդակցության միջոցների ապաշրջափակում։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021-ի փետրվարին մի հարցազրույցում հայտարարեց, որ Լավրովյան փաստաթղթում Ադրբեջանը առարկություններ է ներկայացրել հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի վերաբերյալ դրույթի վերաբերյալ [որը կարող էր հանգեցնել ԼՂ-ի դե յուրե անկախացման – խմբ․], և ի վերջո փաստաթղթից հանվել է «հանրաքվեի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում» արտահայտությունը, քանի որ այն կարող էր հակասել Ադրբեջանի սահմանադրությանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ինքը 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնում էր կարգավորման այդ տարբերակն ընդունելու համար։

Այս առաջարկը, սակայն, հայկական կողմը մերժեց 2016-ի հոկտեմբերին։ Ռուսաստանը այս տարբերակը կողմերին ևս մեկ անգամ ներկայացրեց 2019-ի ապրիլին, սակայն Հայաստանը այն կրկին մերժեց 2020-ի ապրիլին։

Տե՛ս՝

МИД России о “плане Лаврова”

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, փետրվար, 2021։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, ապրիլ, 2016։

ՍիվիլՆեթ

Read the article in English

Մեկնաբանել