Բայրամովը «չի բացառում» ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը չի բացառել ապագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, նա ասել է, որ ներկայում հանդիպման մասին տեղեկություն չունի։

«Ոչ մի տեղեկություն Ալիև-Փաշինյան հանդիպման մասին չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում Ադերբեջանի ու Հայաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին խոսել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման և եռակողմ նոր փաստաթղթերի մասին «տեղեկություն դեռ չունի»։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով առաջիկայում Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման վերաբերյալ շշուկներին՝ Զախարովան ասաց․ «Ես նման տեղեկություն դեռ չունեմ։ Եկեք, դա թողնենք հենց ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին։ Եթե նրանց մոտ կհայտնվի նման տեղեկությունը, նրանք մեզ հետ կկիսվեն»։

***

Հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում, հնարավոր է, Մոսկվայում կայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալիք Մեդիա լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախատեսվում է՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն։ Ըստ Ալիք Մեդիայի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, ասել էր․ «Եվ այս պահին, և ընդհանրապես քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ։ Եվ ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»։

Միրզոյանը, սակայն, հերքել էր մամուլում քննարկվող 2 փաստաթղթերի ստորագրումը. «Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում»։

Մեկնաբանել