Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

«Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս անգամ արդեն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների միջև համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով կառավարման համակարգերի ընդհանրությունները:

«Մերաբ Տուրավան նշել է, որ Վրաստանի ՍԴ նախագահ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է՝ ի վկայություն այն բանի, թե որքան է Վրաստանը կարևորում Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի զարգացումը: Նա արդյունավետ է գնահատել հայ գործընկերների հետ քննարկումներն ու ամուր համագործակցությունը և ընդգծել, որ հայ-վրացական կապերի՝ վերջին շրջանի դինամիկան լավ հիմք է երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանն արծարծվել են խորհրդարանական կառավարմանը և դրա ժողովրդավարական նշանակությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում և Վրաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման ընթացքի և առանձնահատկությունների շուրջ:

Մեկնաբանել