Ադրբեջանական գործոնը ազդեցություն ունի՞ հայ-թուրքական կարգավորման գործընթացում․ զրույց թուրք փորձագետի հետ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ամենաշատը կախված է թուրքական ղեկավարության ներքին պահանջարկներից, ոչ թե թուրք-ադրբեջանական հարաբերություններից․ ՍիվիլՆեթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային և ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտի թուրք փորձագետ Քերիմ Հասը։ Նա հեղինակել է «Փոթորիկ Կովկասում» գրքի հոդվածներից մեկը՝ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարության արտացոլում»։ Հասի հետ հարցազրույցի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածը՝ թարգմանաբար ստորև։

Այլևս բացակայում է պատճառահետևանքային կապը․ Քելբաջարի (Քարվաճառ – խմբ․) շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ է, 1993-ին Թուրքիան հենց այդ պատճառով էր փակել սահմանը Հայաստանի հետ։

Ես հակված եմ մտածել, որ եթե հայ-թուրքական կարգավորում սկսվի, դա տեղի կունենա ոչ թե որովհետև Ալիևը չի դիմակայել, այլ որովհետև Էրդողանը Արևմուտքից աջակցության կարիք է ունեցել իր իշխանությունը պահելու համար։

Եթե Էրդողանը կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, նա կստանա ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը

Նրա վարկանիշը սրընթաց անկում է ապրում, տնտեսական ճգնաժամը խորանում է, գնաճը ավելի քան 40 տոկոս է, առկա է փախստականների հարցը, որը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում։

Ութ տարի անընդմեջ թուրքական տնտեսության վիճակը վատթարանում է, առաջին անգամ է նման բան տեղի ունենում Թուրքիայի հարյուրամյա պատմության ընթացքում, անգամ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նման բան չի եղել։

Որքան ավելի ենք մոտենում 2023-ի ընտրություններին, այնքան ավելի շատ է Էրդողանը զգալու Արևմուտքի աջակցության կարիքը և դիմելու է սադրիչ գործողությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում։

Եթե Էրդողանը կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, նա կստանա ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը, դա կբարձրացնի նրա վարկը արտաքին ասպարեզում։

Պետք չէ, սակայն, մոռանալ, որ Էրդողանը դաշինքի մեջ է ազգայնական ուժերի հետ, նրան դժվար է լինելու ասել՝ «ցտեսություն, ես գնացի հայերի մոտ», նա խուսավարելու է։ Նա մշտապես ազդակներ է հղելու, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները, բայց որքանով է դա իրագործելի՝ կտեսնենք ապագայում։

Այս պահին ավելի հավանական է, որ նա նոր գործողություն սկսի Սիրիայում՝ խաղարկելով երկրում ազգայնական, պոպուլիստական տրամադրությունները՝ թաքցնելու համար տնտեսական ճգնաժամը։

Թուրքիան, ելնելով ներքին վիճակից, Ադրբեջանին «ոչ» չի կարող ասել

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ադրբեջանական գործոնի մասին հակադիր կարծիքի է թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը։

«Քանի որ տեսականորեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, իսկ գործնականում և քաղաքականապես՝ ոչ, ապա վերջին հանգամանքի համար կա նաև մեկ այլ պատճառ՝ Ադրբեջանի գործոնը։ – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Աքթարը։ – Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը Թուրքիայում հսկայական ներդրումներ է կատարել, իսկ Թուրքիան ֆինանսների կարիք ունի:

Պետք է հաշվի առնել, որ իրականում Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայում շատ լուրջ է: Եվ եթե նայենք այդ կապերին, ապա Ադրբեջանը Թուրքիայի համար կանաչ լույս չի վառի, քանի դեռ Թուրքիայի կողմից իր առջև դրած կարևոր հարցերում, ինչպես դուք նշեցիք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև Ադրբեջանի՝ Ղարաբաղը իր կազմում ամրագրելու ցանկությունը, աջակցություն չստանա։ Դա նաև վերաբերում է միջանցքի խնդրին: Ինչպես գիտենք, Հայաստանով անցնող և Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի խնդրում կա միջանցքի հարց: Այդ ամենի համար Ադրբեջանն արդեն պայման է դնում, իսկ Թուրքիան, ելնելով ներքին վիճակից, Ադրբեջանին «ոչ» չի կարող ասել: Դա պետք է հաշվի առնել, և իմ երրորդ կետը դա է»։

Ստելլա Մեհրաբեկյան