Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ

Mid mfa russia

2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ, թեև մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում են երկարատև ու սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներով։ Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»,- նշվում է հայտարարությունում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, թե «Ռուսաստանի խաղաղարար ջանքերն ուղղված էին, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը, Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն․ «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, միանգամայն ակնհայտ արտաքին պատվեր են և իրականության հետ ոչ մի կապ չունեն:

Հայտարարությունում նշվում է, որ Մոսկվայի նախաձեռնած եռակողմ բոլոր փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հենվել են շահերի հաստատված հավասարակշռության վրա, չափազանց հարգալից վերաբերմունք են նախատեսել Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ․ «Մեր մի շարք նախաձեռնություններ չհաջողվեց համաձայնեցնել, և դա նորմալ է։ Փոխարենը արդեն հաստատված համաձայնությունը, կարելի է ասել, անցել է փորձությունը և արդյունավետ իրականացվում է գործնականում»:

Հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցություններ սկսելու մասին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարությունում:

«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում կարևոր դրույթ է ամրագրված՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը։ <…> Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումն է՝ դրա հետագա սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութ, կիսվել հարուստ սահմանազատման փորձով այլ երկրների հետ»։

Հայտարարությունում նաև նշվում է, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի առավել խնդրահարույց հատվածներում կոնֆլիկտային իրավիճակները կանխելու և միջադեպերի կարգավորման համար: «Շուրջօրյա ռեժիմով կազմակերպված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ ակտուալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Ադրբեջանա-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրադրության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը, ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, դարձել է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Մոսկվան տրամադրված է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով․ «Վստահ ենք, որ այդ համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։ Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր մարդասիրական և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»:

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մասին

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքներով զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կներգրավի: Ռուսաստանի և Հայաստանի համար այդ կապակցությամբ «Հյուսիս – Հարավ» միջազգային զարկերակի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Պակաս կարևոր չէ,- հատկապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո,- որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել