Նոյեմբերի 9-ին եռակողմ հնարավոր հանդիպման շուրջ․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

pashinyan nikol putin aliyev

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանն անդրադառնում է նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հնարավոր հանդիպման շուրջ լուրերին։

Այն, որ այս հանդիպումը այս երեք երկրների միջև է և ոչ ԵԱՀԿ ձևաչափով, դրական հանգամանք չէ։ Ակնհայտ է, որ այդ հանդիպման շարժիչ ուժը Ռուսաստանն է և նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ասել է՝ իհարկե Ռուսաստանը պետք է ներգրավված լինի, քանի որ ռուսական գլխավոր շտաբն ունի միայն ԽՍՀՄ բոլոր սահմանների քարտեզները։ Ռուսաստանի հավանական շարժառիթները սրա հետևում երկուսն են՝ վերահսկել բոլոր այս տրանսպորտային ուղիները, և ավելի լուսանցքայնացնել Վրաստանին՝ գերիշխանություն հաստատելով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների նկատմամբ։

Սահմանազատման մասին

Սկսենք սահմանազատման հարցից։ Սահմանազատումն ինքնին վատ բան չէ, և այն վաղ թե ուշ պետք է տեղի ունենա։ Բայց մենք պետք է զգույշ լինենք բազում ծուղակներից։ Նախ, երբ խոսում ենք սահմաններից, ո՞ր սահմաններն ենք մենք քննարկում։ Որովհետև կան 1920-ականների Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանները, և 1991-ինը։ Եվ խնդրի մի մասն այն է, որ 1991-ի սահմանները, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, շատ ավելի խնդրահարույց էին հայկական կողմի համար, քան 1920-ականների սահմանները։

1921-ի խորհրդային քարտեզ, որտեղ Հայաստանը և Ղարաբաղը ցամաքային կապ ունեն։ Լոռու հատվածը նշված չէ որպես Հայաստանի մաս, որովհետև 1920-ի նոյեմբերին Վրաստանը, օգտվելով հայ-թուրքական պատերազմում Հայաստանի ծանր վիճակից, Հայաստանի կառավարությունից Լոռու չեզոք գոտի զորք մտցնելու թույլտվություն ստացավ։ Լոռին կրկին Հայաստանին միացավ 1921-ի փետրվարին։

Սրա պատճառն է ԽՍՀՄ իշխանության 70-80 տարիների ընթացքում Ադրբեջանի վարչակարգի կողմից առկա հայկական տարածքների համակարգային գողությունը։ Երբ նայում ենք 1920-ի քարտեզին, Հայաստանի ու Արցախի միջև կար լիարժեք ցամաքային կապ՝ Բերձորի կամ Լաչինի տարածքով, որը ժամանակի ընթացքում մեկուսացվեց և Արցախին վերածեց կղզյակի Ադրբեջանում։

Անկլավների մասին

Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի միջև կար մի քանի անկալվ՝ հայկական անկլավ Ադրբեջանում, և ադրբեջանական անկլավներ Հայաստանում։ Անկեղծ ասած՝ սրանց գոյության համար լավ պատճառ չկա, դրանք շատ խնդրահարույց են, ու մենք չպետք է կողմ լինենք անկլավների վերականգնմանը, որովհետև չնայած դրանք տարածքի մակերեսի առումով գրեթե հավասար են, բայց խորհրդային ժամանակներում ադրբեջանական անկլավները իրականում կտրում են մեր ճանապարհատրանսպորտային ներքին ուղիները, ուստի մենք պետք է դեմ լինենք անկլավների վերականգնմանը։

Երկրորդ, ներկայիս Ադրբեջանը իրեն համարում է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը։ Բոլոր այս անկլավները հաստատվել են ԽՍՀՄ ժամանակ, ուստի իրավաբանական տեսանկյունից առնվազն նրանք որևէ նկրտում չպետք է ունենան այս անկլավներից որևէ մեկի նկատմամբ։

Սահմանազատման խնդրի էական մաս է Արցախի հարցը։ Որովհետև ադրբեջանական կողմը որևէ սահմանագծում ընդունելու է որպես Հայաստանի կապիտուլյացիա Արցախի ճանաչման հարցում, քանի որ երբ սահմանազատում ես քո սահմանը, դու ասում ես, որ Արցախը սահմանի մյուս կողմում է մնում, և որ այն անկախ հայկական պետություն չէ, այլ մաս է Ադրբեջանի։ Սակայն դիվանագիտորեն տարբեր միջոցներ կան հստակեցնելու, որ սահմանազատում չի նշանակում Արցախի կարգավիճակի հարցի որևէ տեսակի լուծում։ Եթե սրան հնարավոր լինի հասնել, կարծում եմ՝ սահմանազատումը մեզ համար բարենպաստ է, և ակնհայտորեն ցանկացած սահմանազատում պետք է ներառի Ալիևի զորքերի անհապաղ ու ամբողջական հետքաշումը Հայաստանի այն մասերից, որ այն զբաղեցրել է վերջին տարում։

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

Մենք կրկին պետք է շեշտադրենք, որ Հայաստանով, Ադրբեջանով, Ռուսաստանով ու Իրանով տրանսպորտային ցանկացած ուղի բացելը շատ լավ բան է։ Իրականում, դա ավելի ձեռնտու է Հայաստանին, քան Ադրբեջանին, որովհետև Ալիևի վարչակարգը շատ ավելի տրանսպորտային ուղիների տարբերակներ ունի, քան մենք։

Հավանաբար, սա է պատճառներից մեկը, որ Ալիևը փորձում է ապակայունացնել սահմանային իրավիճակը, որովհետև նա գիտի, որ ներկայիս դրությունը, երբ մենք երկաթուղային մատչում չունենք Իրանին կամ Ռուսաստանին, իրեն ձեռնտու է, ուստի փորձում է խնդիրներ առաջացնել ուղիների բացման համար։

Ինչպես գիտենք, Ադրբեջանի բռնապետը սպառնացել է պատերազմով՝ Սյունիքով իրենց կողմից վերահսկվող միջանցք ստեղծելու համար, որը դուրս կգա Նախիջևան։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը այս հարցում։

Նախ, երկաթուղիների բացումը, որը Ադրբեջանով կկապի մեր երկաթգիծը Իրանի և Ռուսաստանի հետ, թույլ կտա երկաթուղային կապը Նախիջևանի ու Ադրբեջանի միջև զիջում է, որի համար պետք է ուրախ լինենք։ Մեզ համար դա իսկապես ձեռնտու է, և շատ փոքր նշանակություն ունի մյուս կողմի համար։ Սակայն մենք որևէ պարագայում չենք կարող թույլ տալ Սյունիքով որևէ տեսակի միջանցք, որը վերահսկվի Ալիևի վարչակարգի կողմից։ Ես կասեի՝ Հայաստանի որևէ կառավարություն, որը դրան կհամաձայնի, մի քանի օրից ավելի կյանք չի ունենա։

Կան մոդելներ, որոնց կարելի է նայել, օրինակ՝ Կալինինգրադը, որը ռուսական անկլավ է և մեկուսացած՝ Լիտվային սահմանակից։ Լիտվայով ճանապարհը Կալինինգրադը կապում է Ռուսաստանին։ Այդ մոդելը հաջող գործում է։ Եթե նման որևէ սցենար ստեղծելու լինեինք Սյունիքում, դա ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ունենանք հենց նույն Հայաստանը Արցախին կապող մոդելը։ Հակառակ դեպքում նման բանի մասին խոսք չի կարող լինել։

Հակասություններն ու թյուրըմբռնումներն այս ամենի շուրջ բազմաթիվ են, և պատճառներից մեկն այ է, որ մեր պետական սեկտորը այնքան վատ է հաղորդակցվում հանրության հետ որևէ թեմայով։

Խորհրդավորության շղարշով են ծածկված այս հանդիպումները․ ոչ ոք չգիտի՝ դրանք տեղի են ունենում, թե ոչ, ինչ է քննարկվել մինչև այժմ։ Առկա է հաղորդակցության կատարյալ բացակայություն ԱԳՆ-ի, վարչապետի կամ կառավարության կողմից՝ բացատրելու, թե ինչ են այս բանակցություններն իրենցից ներկայացնում։

Իհարկե, նման բանակցությունների դեպքում չեն հանրայնացվում բոլոր ընթացիկ մանրամասները, միջազգային հարթակում բանակցություններն այդպիսին չեն։ Սակայն, մենք ժողովրդավար պետություն ենք, և շատ կարևոր է, որ պետությունը հստակեցնի՝ որոնք են իր կարմիր գծերը, և ինչի է ձգտում այն հասնել այդ բանակցությունների միջոցով։ Սա է առաջնային տարբերությունը մեր և նրանց միջև։ Ալիևը չի բացատրում որևէ բան, նա է պետությունը և նրանն է երկիրը։ Մենք տարբեր ենք, և մեր պետությունը պետք է շատ լավ աշխատի՝ մեզ բացատրելու, թե ինչի համար են այս բանակցությունները, ինչ նպատակի են ուզում հասնել, և ինչը այն չի ընդունի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել