Այս պահին նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպման շուրջ պայմանավորվածություն չկա․ Փաշինյան

Այս պահին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա նշեց, որ նման հանդիպումները պետք է արդյունքի հանգեցնեն և չլինեն ինքնանպատակ։

Նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են տարածվում։ Այսօր՝ ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նման հանդիպում նախապատրաստվում է, այն լինելու է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Անցած շաբաթ նման հանդիպման մասին հարցին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման և եռակողմ նոր փաստաթղթերի մասին «տեղեկություն դեռ չունի»։

***

Հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում, հնարավոր է, Մոսկվայում կայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալիք Մեդիա լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախատեսվում է՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն։ Ըստ Ալիք Մեդիայի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, ասել էր․ «Եվ այս պահին, և ընդհանրապես քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ։ Եվ ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»։

Միրզոյանը, սակայն, հերքել էր մամուլում քննարկվող 2 փաստաթղթերի ստորագրումը. «Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում»։

Մեկնաբանել