Սահմանազատման և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը տարանջատված են իրարից․ Փաշինյան

նիկոլ փաշինյան - nikol pashinyan ասուլիս

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ ՍիվիլՆեթը ներկայացնում է հարցազրույցի կարևոր հատվածները։

Սահմանազատումը և Լեռնային Ղարաբաղի հարցը

«Դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից»։ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև մենք անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում»,- ասել է վարչապետը։

Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանազատումը ո՞ր թվականի քարտեզներով է լինելու, Փաշինյանը նշել է․ «Տեսեք, մենք ասում ենք 1985 թվականի քարտեզ, 1980 թվականի քարտեզ, 1975 թվականի քարտեզ, 1973 թվականի քարտեզ. այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են։ Կարևոր են իրավական հիմքերը՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր քարտեզները, այսինքն՝ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Խաղաղության շուրջ բանակցային գործընթացը Հայաստանը պատկերացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է «խաղաղության պայմանագիր» կնքել, որով կողմերը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանը հարցազրույցում շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության, բայց դրա շուրջ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է: Եվ մենք ասել ենք, որ, այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ»,- նշել է նա։

Հայաստանը վերապահումներ ունի 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափի հետ կապված

3+3 ձևաչափով առաջարկվում է տարածաշրջանի հեռանակարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով հետաքրքրված է, բայց 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված քննարկվում են այլ ֆորմատներով:

«Խնդիրը նրբությունների մեջ է: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով: Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Այսինքն՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել