Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությանն ընդառաջ․ «ՀՀԿ-ացող» Քաղաքացիական պայմանագիրը

Մկրտիչ Կարապետյան

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) համամասնական ցուցակները տարբեր համայնքներում գլխավորում են այնպիսի անձինք, ովքեր նախկինում ՀՀԿ-ական էին կամ վայելում էին ՀՀԿ-ի աջակցությունը։ Նրանցից ոմանք նաև տարբեր քրեական գործերում էին ներգրաված. Սիվիլնեթն ուսումնասիրել է ՔՊ-ի կողմից առաջադրված համայնքապետերի թեկնածուների գործունեությունը։

Մարտունիում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու է Հովհաննես Հովեյանը, որը 2005-ից Գեղարքունիքի մարզի մեկ այլ համայնքի՝ Վարդենիկի համայքնապետն է։ Հովեյանի եղբայրը՝ Գեղամ Հովեյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի նախընտրական ցուցակում էր՝ դրա 149-րդ համարն էր, իսկ այս մայիսին խորհրդարանը Գեղամ Հովեյանին ընտրեց որպես Հաշվեքննիչ պալատի անդամ։

Սևան քաղաքում կայանալիք ընտրություններում ՔՊ-ն պաշտպանում է «Սարգիս Մուրադյան» դաշինքին ու դաշինքի առաջին համար Սարգիս Մուրադյանին։ Վերջինս Սևանի համայնքապետն է 2016-ից, իսկ մինչ այդ էլ «Սևան ազգային պարկի» տնօրենի տեղակալն էր։ 2016-ի հոկտեմբերին նա ինքնաառաջադրվել էր ու հաղթել ընտրություններում։ Մուրադյանը ՀՀԿ անդամ է։ 2016-ին պատասխանելով հարցին, թե ինչու այն ժամանակվա իշխանությունը հենց իրեն սատարեց Սևանում, պատասխանել էր. «Ուժ տեսան, որպես երիտասարդ, որպես կրթված, որպես գրագետ անձնավորություն, որ կարող է իր ներուժն օգտագործել Սևան քաղաքի համար»։

Մուրադյանին այժմ Սևանում աջակցում է ՔՊ-ն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժոով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ անցյալ տարի Մուրադյանը հայտարարագրել է հինգ հողամաս ու մեկ շինություն Լճաշենում, ունեցել 12 000 դոլար և 8 միլիոն դրամ կանխիկ, իսկ 4800 դոլար և 1,6 միլիոն դրամ՝ բանկային հաշիվներում։

Աշտարակում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Թովմաս Շահվերդյանը՝ գործող համայնքապետը։ Նա այդ պաշտնում է 2016-ից, իսկ մինչ այդ էլ Աշտարակի ավագանու անդամ էր։ Անցած ՏԻՄ ընտրություններում Շահվերդյանին աջակցում էր ՀՀԿ-ն։ 2018-ին «Հետքը» գրել էր, որ Աշտարակի համայնքապետ Շահվերդյանը որոշել է աճուրդի դնել ու հարազատ եղբորը վաճառել Քասախի կիրճում գտնվող 792 քմ հողամասը՝ մոտ 1,9 միլիոն դրամով։ Աճուրդին Շահվերդյանի եղբայրն իրավունք չուներ մասնակցելու, քանի որ օրենքն արգելում է։ ԿԸՀ Շահվերդյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ անցյալ տարվա դրությամբ նա ուներ մեկ հողամաս, մեկ մեքենա, 8 միլիոն դրամ՝ բանկային հաշիվներին, իսկ կանխիկ՝ 9 000 դոլար և 7 միլիոն դրամ։

Ապարանում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Էդգար Փարվանյանն է՝ Ապարանի ավագանու նախկին անդամ։ Նա ևս եղել է ՀՀԿ-ական, մասնակցել Ապարանի համայնքապետի նախորդ ընտրություններին, սակայն պարտվել առաջադրված մյուս ՀՀԿ-ականին։ Էդգար Փարվանյանը նաև գործարար է, եղել է «Ապարան գրուպ» ընկերության բաժնետերն ու տնօրենը։ Ընկերությունը հիմնվել է 2006-ին, զբաղվում էր զովացուցիչ ըմպելիքների կաթնամթերքի արտադրությամբ, սակայն 2020-ին, ըստ «Ազդարար» ծանուցումների հարթակի, սնանկացել է։

Մասիսում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է՝ Մասիսցի Սայադ մականունով։ Վերջինս պահեստազորի գնդապետ է, Երկրապահ կամավորականների միության Մասիսի շրջանի ղեկավարը։ 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, երբ ԵԿՄ ղեկավար կազմի որոշ անդամներ աջակցություն էին հայտնել նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին, Սայեն Հայրապետյանն այն անձանցից էր, որ լքեց ԵԿՄ-ն՝ դրա որոշ անդամների մեղադրելով անազնիվ նպատակներով օգտագործվելու մեջ, ապա վերադարձավ ԵԿՄ ու 2019-ին դարձավ Մասիսի կառույցի ղեկավար։ 2017-ին Սայեն Հայրապետյանը խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում։

Արարատում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը Ասլան Ավետիսյանն է։ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո նա կալանավորվել էր, մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգությունների մասնակցելու, ոստիկանների պահանջներին չենթարկվելու ու նրանց նկատմամբ բռնություն կիրառելու համար։ 2021-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ Ասլան Ավետիսյանն արդարացվել էր։

2013-ի հուլիսի 25-ին Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել, հետագայում նրա դին գտնվել էր Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։ Հովհանյանը աշխատել էր քարի արտադրությամբ զբաղվող «Ջի-ընդ էյ» ընկերությունում, որը պատկանում է Ասլան Ավետիսյանին ու նրա ընտանիքին։ «Հետք»-ը տարիներ առաջ ներկայացրել էր Հովհանյանի «ինքնասպանության» պատմությունը. ըստ նրա կնոջ ու դստեր՝ քարի արտադրամասում աշխատելիս Հովհանյանը տեսել է, որ քարհատման ժամանակ ջարդոններ են ավելանում, խնդրել է համապատասխան աշխատակցին՝ թույլ տալ իրեն ջարդոնները վերցնել ու սեփական բակը կարգի բերել։ Ստանալով թույլտվություն՝ Հովհանյանը գնում է արտադրամաս՝ դրանք տուն բերելու համար, բայց հենց արտադրամասին դիմաց նրան սպասելիս են եղել Ասլան Ավետիսյանի երկու որդիները, որոնք դաժան ծեծի են ենթարկում Հովհանյանին ու նրա հետ քարի ջարդոններ տուն բերելու գնացած մնացած անձանց։ Այդքանով չբավարարվելով՝ Ավետիսյանի որդիները «ջիպով» գալիս են Գյանջիրովի տուն՝ փնտրելով նրան։ Գյանջիրովը թաքնվում է հարևանի տանը՝ խոտերի մեջ, իսկ Ասլան Ավետիսյանի որդիները խոստանում են բոլոր դեպքերում գտնել Գյանջիրովին։ Հաջորդ առավոտյան Գյանջիրովի հարևան տաքսիստը նրան խորհուրդ է տալիս գնալ Ասլանի որդիներին տեսնելու, որից հետո Գյանջիրովը դուրս է գալիս տնից, իսկ հետո հայտնաբերվում է նրա դին՝ ծառից կախված վիճակում։ Գյանջիրովի դուստրը պատմում էր՝ ինքը բռնության ու խոշտանգման հետքեր է տեսել հոգեհանգստի ժամանակ հոր մարմնի վրա, իսկ իրավապահներն անընդհատ հորդորում էին հաշտեցման եզրեր գտնել։ Հետագայում նախաքննական մարմինը հայտնում է՝ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել։ Ասլան Ավետիսյանի որդին՝ Հովհաննես Ավետիսյանը ներկայում Արարատի մարզպետի խորհրդականն է։

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Մերգել Ղարիբյանը, որն Արփիի համայնքապետն է։ 2012-ից նա Արդենիս համայնքի ղեկավարն էր, իսկ հետո դարձավ Արփի խոշորացված համայնքի ղեկավար։ Մերգել Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, Արփիում ունի խոզաբուծարան, որի գործունեությունից դժգոհում էին արդենիսցիները, Ղարիբյանը վերջերս հիմնել է նաև սպանդանոց։ Երեք տարի առաջ համայնքի 8,6 հա մակերեսով հողամասը բաժանվել էր համայնքի տարբեր բնակիչների միջև։ Ինչպես ահազանգել էին համայնքի բնակիչները՝ Ղարիբյանը հողակտորներ է տվել իրեն ընտրող անձնանց ու մտերիմներին։

Արթիկում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է Անան Ոսկանյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, նաև՝ Պեմզաշեն համայնքի ղեկավարն ու ԵԿՄ Արթիկի տարածքային մարմնի ղեկավարը։ 2018-ին՝ զինվորների սննդամթերքի յուրացման հետ կապված գործով ԱԱԾ-ն, ըստ մամուլի հրապարակումների, խուզարկել էր նաև Անան Ոսկանյանի առանձնատունը Պեմզաշենում։

Ջերմուկում ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Վահագն Արսենյանն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, խոշոր գործարար Աշոտ Արսենյանի որդին։ 2018-ին՝ հեղափոխությունից հետո Վահագն Արսենյանը կասկածվում էր ապօրինի ճանապարհով զինծառայությունից ազատվելու մեջ, հարուցվեց քրեական գործ, որը հետագայում կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վահագն Արսենյանը «Ջերմուկ գրուպ»-ի միակ բաժնետերն է։ Ընկերությունը Հայաստանում շշալցված հանքային ջրի ամենամեծ արտադրողն է։ «Ջերմուկ գրուպ»-ին են պատկանում նաև «Բյուրեղ» ապրանքանիշի ջրի արտադրությունը, Երևանում «Բյուրեղ» խոշոր բնակելի համալիրը։ Ջերմուկի նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարը 30 տոկոս բաժնեմաս ունի նաև «Ռելոդ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների մատուցմամբ, ծրագրավորմամբ և խորհրդատվությամբ։ Նախկինում Արսենյաններին էր պատկանում նաև «Պեպսի» քաղցրահամ ըմպելիքի ներմուծումը։

Վայք համայնքում իշխանության թեկնածուն Մխիթար Մաթևոսյանն է՝ «Մավշին» շինարարական ընկերության բաժնետերն ու տնօրենը։ Քննչական կոմիտեն 2019-ի օգոստոսին հաղորդեց, որ Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում բացահայտվել է «ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վայքի մարզադաշտին կից շինության ու համայնքային նշանակության այգու բարեկարգման համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Մավշին» ՍՊԸ-ն, և նշված սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը Վայոց Ձորի մարզպետարանին տրամադրվել է 120 միլիոն դրամ։ 2016-ի մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊԸ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 055 498 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»: «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Վայքի քաղաքապետի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանը, այս գործով նա եղել է մեղադրյալ, Մաթևոսյանին պատկանող շարժական ու անշարժ գույքի վրա արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ Վերջերս Մաթևոսյանի հետ կապված քրեական գործը կարճվել է։

Մեկնաբանել