Արցախի ՆԳՆ-ն և «Ջրմուղ-կոյուղի»-ն չեն մեկնաբանում Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպը

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Այս մասին հայտնել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

ՍիվիլՆեթը կապ է հաստատել Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի հետ, պարզելու, թե արդյոք տուժածները ընկերության աշխատակիցներ են, սակայն տնօրենը աշխատավայրում չէր, իսկ ընկերության աշխատակիցը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ևս չմեկնաբանեց տեղի ունեցածը, քանի որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություն չունի։

Ըստ հաղորդագրության՝ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել