Շուշիի մոտակա խաչմերուկի մոտ ադրբեջանցիների արձակած կրակոցի հետևանքով մահացած քաղաքացիական անձը 22 տարեկան էր։ Վիրավորում ստացած մյուս երեք քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության»,- գրել է նա։
Նրա տեղեկացմամբ՝ իրավապահ մարմիններն այս պահին աշխատանքներ են իրականացնում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։
«Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։ Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։