Արցախ. համավարակը համաջանք է պահանջում

Արցախում համավարակի հետ կապված իրավիճակն աննախադեպ սրվել է, իշխանություններն էլ փորձում են դրա դեմն առնել։

Հիշեցնեմ՝ նոյեմբերի 1-ին Արցախի նախագահն է խորհրդակցություն անցկացրել, ապա նրա հանձնարարականով նոյեմբերի 3-ին նույնն արել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վերջին ամսվա ընթացքում երկրում շեշտակի մեծացել է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող շտապ միջոցներ։ Այս քննարկումների արդյունքում նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ը Ստեփանակերտում և մի շարք քաղաքային համայնքներում սահմանվել է կարանտին։

Վիճակն իսկապես խիստ մտահոգիչ է։ Այսպես, նոյեմբերի 2-ին Արցախում կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է եղել թեստերի ավելի քան 42 տոկոսը։ Երեկ՝ նոյեմբերի 7-ին, կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձանց: Նոյեմբերի 7-ին արձանագրվել է 4 մահ:

Ինչո՞ւ է այսպես։ Կան, ինչպես ասում են, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ սեպտեմբերի վերջից իրար հաջորդել են 44-օրյա պատերազմում զոհվածների մահվան տարելիցները։ Չմոռանանք նաև, որ մինչև օրս հայտնաբերվում և վերադարձվում են անհետ կորածների աճյուններ։ Սգո արարողություններին մասնակիցների մեծ թիվը հենց, այսպես կոչված, օբյեկտիվ պատճառներից մեկն է և միգուցե՝ հիմնականը։ Գումարած սրան՝ հազարավոր երիտասարդների ցավալի կորստից հետո մարդկանց անտարբեր վերաբերմունքը սեփական կյանքի նկատմամբ։ Նուրբ հարց է, այնուամենայնիվ, կարելի էր որոշ չափով կարգավորել այն։ Համենայնդեպս, արդեն հայտարարված կարանտինի համաձայն՝ հոգեհանգստի և թաղման արարողությանն արդեն կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ:

Բայց օբյեկտիվ պատճառներից անհամեմատ շատ են սուբյեկտիվ պատճառները։ Վերջիններից հիմնականը հետևյալն է՝ հանրության մի զգալի հատվածը պարզապես լուրջ չի վերաբերվում համավարակին։ Լուրջ չի վերաբերվում, չի հավատում ու չի վստահում։ Ահա այսպես։ Ու սա ամենամեծ խնդիրն է։ Խնդիր, որին պատշաճ ուշադրություն չի դարձվում։

Օրերս Ստեփանակերտում վիճում էի, ավելի ճիշտ՝ բանավիճում էի մտավորականության ներկայացուցիչներից մեկի հետ։ Որպես հիմնական փաստարկ՝ վիճակագրական տվյալներ էի բերում, իսկ նա էլ քմծիծաղ էր տալիս։ Ապա դառնությամբ ասաց՝ եթե իշխանությունները պատերազմի ժամանակ կարողացել են մեզնից թաքցնել կամ կեղծել զոհերի իրական թիվը, ապա ինչո՞ւ չեն կարող կեղծել նաև համավարակի թվերը։ Այո, այս հանգամանքն էլ կա՝ համավարակի նկատմամբ թերահավատ վերաբերմունքը, կարելի է ասել, ուղիղ համեմատական է իշխանությունների նկատմամբ թերահավատ վերաբերմունքին։ Սա նույնպես լուրջ հարց է, քանի որ հենց իշխանությունն է համավարակի դեմ պայքարի հիմնական դերակատարը։

Այո, քաղաքական գործոնը բավականին զգալի է այս հարցում։ Արցախում հանրային կարծիքի վրա շարունակում են անդրադառնալ զանազան միֆեր ու դավադրությունների տեսություններ։ Պատերազմից հետո դրանց կենսունակությանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ իշխանությունների պնդմամբ՝ մենք կռվել ենք ողջ աշխարհի դեմ։ Ու հիմա մարդկանց մի զգալի մասը մտածում է, որ համավարակի հետ կապված այս ամենը ևս մեր նկատմամբ աշխարհի հերթական դավադրություններից է։ Պետք չէ թերագնահատել այս հանգամանքը։ Քանի որ տարիներ ու տասնամյակներ շարունակ հենց այս տեսանկյունով են շատերը նայել արտաքին աշխարհին՝ լրտեսների ու գործակալների, դավադրությունների տեսանկյունից։ Ու հիմա դրսից եկող ամեն ինչի նկատմամբ մեծ կասկածներ կան։

Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ համավարակի դեմ պայքարում ամենակարևորն ու ամենախնդրահարույցը հանրության հետ տարվող աշխատանքն է։ Իշխանությունը շատ պարզունակ է գործում՝ առանց իրեն առանձնապես նեղություն տալու, առանց գլխացավանքի, պարզապես «рубильник»-ի՝ անջատիչի սկզբունքով։

Վաղօրոք կանխարգելիչ լուրջ միջոցներ չի ձեռնարկում, հենց այնպես՝ հավուր պատշաճի խոսքեր է ասում ու նույնպիսի քայլեր անում, բայց հենց որ վիճակը բարդանում է՝ սեղմում է անջատիչը, իջեցնում է «ռուբիլնիկը» ու խիստ սահմանափակումներ մտցնում։ Հետո, երբ փոքրիշատե կկարգավորվի խնդիրը, «ռուբիլնիկը» նորից կբարձրացնի։ Իսկ թե երբ կկարգավորվի՝ ինքն էլ չգիտի։ Բայց վարչական մեթոդներով ու «ռուբիլնիկով» խնդիր չի լուծվում, շատ ավելի բարդ ու բազմաշերտ մոտեցում է պետք։

Լուծումն, ըստ իս, մեկն է՝ պիտի ոչ միայն վարչական, այլև պարզ մարդկային լեզվով խոսել հանրության հետ, հասկանալ նրա վախերն ու կասկածները, դրանց կրողներին զանազանել ու կրկնակի աշխատանք տանել նրանց հետ, խնդրի լուծմանը դրական տրամադրված հատվածը ներգրավել հանրային տեղեկատվական արշավներում, ունենալով հանրության վստահությունը վայելող անձանց աջակցությունը։

Ընդհանուր-անդեմ-չթիրախավորված քարոզչությամբ ոչնչի հնարավոր չէ հասնել։ Պիտի տարբերակել հանրային խմբերը և ունենալ յուրաքանչյուրի հետ աշխատելու մարտավարություն։ Մի թիրախային-խնդրահարույց խավ կարող եմ հուշել։ Չզարմանաք՝ բժիշկները, բուժաշխատողները։ Արցախում բուժաշխատողների մի զգալի մասը չի հավատում համավարակի գոյությանը կամ լուրջ չի ընդունում այն, ինքը չի պատվաստվում և ուրիշներին էլ խորհուրդ չի տալիս։ Թող, օրինակ, փորձեն պարզել, թե բուժաշխատողների քանի տոկոսն է պատվաստված Արցախում։ Ու ամեն ինչ պարզ կդառնա։

Ես սա չեմ ասում բուժաշխատողների վրա ստվեր գցելու նպատակով։ Քավ լիցի։ Սա, թերևս, միակ խավն է, որ պատերազմի ժամանակ բոլոր առումներով իրեն արժանապատիվ է պահել, համենայնդեպս՝ նրանց մեծ մասը։ Ու դրանով էլ հարգանքի ու առանձնահատուկ վերաբերմունքի է արժանի։ Պարզապես նրանց հետ նորմալ խոսել է պետք, նրանց ներգրավել է պետք գիտական լուրջ շրջանակներում ու համագործակցային հարթակներում, լուրջ մասնագետներ է պետք հրավիրել Արցախ, մեր բժիշկներին գործուղել է պետք համավարակի դեմ հաջող պայքարող երկրներ։ Հաջողություն կարող ենք գրանցել միայն մի պարագայում՝ եթե իշխանությանը հաջողվի համավարակի դեմ պայքարում որպես հիմնական ու միանշանակ դաշնակից ունենալ բուժծառայողներին։ Նրանց հետ հրամաններով ու վարչական մեթոդներով խոսելն անիմաստ է։ Նրանք, ամեն ինչից զատ, նաև մի շարք լուրջ ու սկզբունքային հարցեր ունեն համավարակի դեմ պայքարի առնչությամբ։ Ու այդ հարցերին պատասխանել է պետք, պատասխանող է պետք։

Խնդիրներ շատ կան, և մի հոդվածում հնարավոր չէ բոլորի մասին խոսել։ Բայց մի քանիսը նշեմ։ Ստեփանակերտում միայն մի ԿՏ սարքավորում՝ համակարգչային տոմոգրաֆ է գործում։ Ստեփանակերտում միայն մի տեղ են պատվաստում։ Ստեփանակերտում միայն մի տեղ են թեստավորում, թեստերի պատասխանն էլ 3-4 օր հետո են ասում, ու մարդ նույնքան ժամանակ չգիտի՝ ինքը վարակակի՞ր է, թե՞ ոչ։

Վերջում պարզապես տեղեկացնեմ, որ ես պատվաստված եմ, ընդունել եմ «Մոդեռնա»-ի երկու դեղաչափ։

Մեկնաբանել