Համանախագահները կարևորում են մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքը Ղարաբաղ

osce

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի տարելիցի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ:

«Համանախագահները հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը իրենց աշխատանքը կատարելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել լարվածության թուլացման հնարավոր միջոցներն ու հումանիտար քայլերը, այդ թվում ՝ ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը՝ համաձայնության ոլորտները գտնելու համար:

Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնցում նրանք սկզբունքային պատրաստակամություն են հայտնել համանախագահների հովանու ներքո հանդիպել: Համանախագահները անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու հնարավորությանը և կրկին հայտարարում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամության մասին ՝ այդ գործընթացում հետագա քայլերը քննարկելու համար»:

Մեկնաբանել