Ապատեղեկատվություն՝ պետական մակարդակով. «Շաբաթվա ֆեյքերը»

Մի շարք լրագրողներ և լրատվամիջոցներ այս օրերին պարբերաբար անդրադառնում են Արցախյան երկրորդ պատերազմի թատերաբերում մեկ տարի առաջ տեղի ունեցած զարգացումներին և հետադարձ հայացքով մատնացույց անում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտպանական գերատեսչությունների տարածած քարոզչությունը և ապատեղեկատվությունը։ Այս հրապարակումները վկայում են մեկ բանի մասին՝ պատերազմից մեկ տարի անց էլ հայաստանյան հանրությունը դեռ լիովին չի գիտակեցել այդ մղձավանջային 44 օրերի ընթացքում պետական մակարդակով տարածված ապատեղեկատվության ողջ ծավալն ու պատճառած վնասը։

Ընդ որում, առկա են բազմաթիվ դեպքեր, երբ պատերազմից հետո էլ պետական գերատեսչությունները կամա թե ակամա դառնում են ապատեղեկատվության տարածման պատճառ՝ հաճախ տեխնիկական պատճառներով, կամ պետական տարբեր մարմինների միջև տեղեկատվության համակարգման բացակայության հետևանքով, իսկ երբեմն էլ ուղղակի նպատակ ունենալով թաքցնել սեփական սխալները։

Վերջին օրերին էլ նման օրինակների ականատես եղանք, այն բանից հետո, երբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, թե «Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել է»։

Պաշտպանության նախարարությունը հակադարձեց, թե Մարդու իրավունքների պաշտպանի «գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից»։ Պաշտպանական գերատեսչությունից նաև պնդում էին՝ «ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից»։

Մարդու իրավունքների պաշտպանը հակադարձեց տեսանյութով, որին ուղեկցող գրառման մեջ ասվում էր՝ «Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ»։

Պաշտպանության նախարարությանը տեսանյութերն էլ չհամոզեցին։ Տարածված նոր հաղորդագրությունում նախարարությունը գրեց, թե «վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ»։ Պաշտպանական գերատեսչությունից նաև ՄԻՊ գրասենյակին կոչ արեցին «ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»։

Ի վերջո բանավեճին միջամտեց «Փաստերի ստուգման հարթակը»։ Լրագրողների խումբը հոկտեմբերի 22-ին և 23-ին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի մատնանշած Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղեր ու լուսանկարել ադրբեջանական դիրքերից մի քանիսը, համադրել տեսածն ու լուսանկարածը ՄԻՊ, ՊՆ պնդումների, նաև իրենց կողմից նախկինում արված տվյալների հետ ու եզրակացրել՝ մայիսից ի վեր ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում իրականացրել են ամրաշինական, ճանապարհաշինական աշխատանքներ, կուտակել են պաշարներ, «պաշտպանության նախարարությունը կեղծում է, երբ ուռճացված կամ իրականությանը չհամապատասխանող է որակում այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի ահազանգերը»։

***

Մեկ այլ ապատեղեկատվության կիզակետում էլ հայտնվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հոկտեմբերի 27-ին մի շարք լրատվամիջոցներ, հղում տալով նախարարությանը, լուր տվեցին այն մասին, որ դպրոցական արձակուրդը երկու շաբաթով երկարաձգվել է։


Նախարարությունը հանդես եկավ հերքմամբ՝ հայտարարելով․ «Որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը»։ ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում նաև ասվում էր՝ «ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։

Որոշ լրատվամիջոցներ ուղղակի հեռացրեցին համապատասխան լուրը, մյուսները, սակայն, նախարարության ֆեյսբուքյան էջում մատնանշեցին, որ լուրը տեսել են նախարարության պաշտոնական կայքէջում։

Նախարարությունից այս անգամ էլ պարզաբանեցին, որ լրագրողների մատնացույց արած հաղորդագրությունը նախորդ տարվանն է։

Նախորդ տարվա գրառումը նախարարության կայքէջում ուսումնասիրելիս, սակայն, հասկանալի է դառնում սխալի իրական պատճառը։ Նախարարության կայքում հաղորդագրությունների ամսաթվերը չեն նշվում և լրագրողը դպրոցական արձակուրդների մասին տեղեկատվությունը որոնելիս պատահաբար հայտնվում է նախորդ տարվա հաղորդագրությունը արտացոլող էջում, գրեթե տարբերակ չկա պարզելու, որ սա հին հաղորդագրությունն է։

Սա այն դեպքն է, երբ ապատեղեկատվությունը տարածվում է ոչ թե դիտավորությամբ, այլ սխալմամբ կան տեխնիկական պատճառներով։ Թերևս ապագայի համար ճիշտ կլիներ, որ կրթության նախարարությունը հաղորդագրություններում նշեր դրանց հրապարակման ամսաթիվը կամ ձևափոխեր կայքը, որպեսզի դրանցում ավտոմատ կերպով արտացոլվի հրապարակման ամսաթիվը, այլապես նման սխալներից ապագայում էլ հնարավոր չի լինի զերծ մնալ։

Ի դեպ՝ չի բացառվում, որ լուրը սխալմամբ տարածել է հենց նախարարության սոցցանցային օգտահաշիվների պատասխանատուն, իսկ հետո հեռացրել այն, սակայն դա հնարավոր չէ ստուգել կամ պարզել։ ԿԳՄՍՆ-ն էլ, բնականաբար, չցանկանալով ընդունել այդ փաստը, տարածել է վերոնշյալ հաղորդագրությունը:

Մեկնաբանել