Պատրաստ ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև երկխոսությանը․ Ռուսաստանի ԱԳՆ

Mid mfa russia

2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։ Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը դրանց հետագա իրականացման և բոլոր դրույթների անվերապահ պահպանման հարցում»,- նշված է հայտարարությունում։

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ռուսական խաղաղապահ զորախումբը զգալի ներդրում է կատարում տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում, ինչը «գնահատում են ադրբեջանցի և հայ ընկերները»։

Հայտարարության մեջ ասվում է, որ 2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների մասնակցությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 գերի, որոնից Հայաստանին է վերադարձվել 105-ը, Ադրբեջանին՝ 17-ը: Նաև ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի երեք քարտեզ։

«Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացած հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար, ներառյալ՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, բոլոր անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանը նպաստելը, զոհվածների մարմինների հանձնումը և ականադաշտերի հավաստի քարտեզների տրամադրումն ամբողջ ծավալով: Արդիական է նաև պատմամշակութային և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը»,- նշում են Ռուսաստանի արտգործնախարարությունից։

Հայտարարությունում անդրադարձ է կատարված նաև տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը․ «Բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Ընդգծում ենք բալանսի վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը»։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը կարևորում է ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումը: Նշվում է, որ ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։

Ռուսաստանը կարևոր է համարում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատանքների շարունակումը՝ «առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում»:

«Մենք կնպաստենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կաջակցենք խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի կայունությանը, անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը: Պատրաստ ենք նաև աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների միջև Ռուսաստանի մասնակցությամբ երկխոսությանը՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցման, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել