ԼՂ-ում հրադադարի հաստատման միամյակի կապակցությամբ եռակողմ շփումներ նախատեսված չեն․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոստացել է տեղեկացնել, եթե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի։

«Ինչ վերաբերում է երեքով շփվելուն, ապա եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկա պահին որևէ կոնկրետ ըմբռնում չկա»,- նշել է նա։

Նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են տարածվում։ Նոյեմբերի 7-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ նախապատրաստվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ, սակայն, հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 8-ին, Պեսկովն կրկին ասել էր, որ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:

***

Հոկտեմբերի 23-ին ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում, հնարավոր է, Մոսկվայում կայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ալիք Մեդիա լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախատեսվում է՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում երկու փաստաթուղթ կստորագրեն։ Ըստ Ալիք Մեդիայի՝ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, որոնց մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին, ասել էր․ «Եվ այս պահին, և ընդհանրապես քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ։ Եվ ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում»։

Միրզոյանը, սակայն, հերքել էր մամուլում քննարկվող 2 փաստաթղթերի ստորագրումը. «Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում»։