Բուլինգ՝ երեխաների հալածանք դպրոցում. ինչպես հաղթահարել այն

Բուլինգ բառը, օտարաբանություն հանդիսանալուվ, բոլորիս մանկուց ի վեր ծանոթ երևույթ է։ Բուլինգն այն է, երբ երեխաները խմբով թիրախավորում և հալածանքի են ենթարկում մեկին։ Որքան էլ այդ երևույթը սովորական է դարձել՝ դրանից տուժած երեխաները և նրանց ծնողները այն ծանր են տանում, իսկ ուսուցիչների համար բուլինգը դառնում է բարդ մարտահրավեր։ «Կրթության տապանի» այս հաղորդման ընթացքում Արամ Փախչանյանը վերլուծում է բուլինգն ու առաջարկում դրա դեմ պայքարի գործուն միջոցներ։

Բուլինգ բառը, օտարաբանություն հանդիսանալով, մեզ բոլորիս մանկուց ի վեր ծանոթ երևույթ է։ Բուլինգն այն է, երբ երեխաները խմբով թիրախավորում և հալածանքի են ենթարկում իրենցից որևէ մեկին։ Դա բնական երևույթ է։ Բավականին վաղ տարիքից երեխաների մոտ առաջանում է երկու որոշիչ միտում՝

  • Առաջինը՝ մտնել իր հասակակիցների հետ շփման մեջ, իր տեղը գտնել ինչ-որ խմբում, որը տարբեր է ընտանիքից։
  • Երկրորդը՝ ինքնահաստատվել, ճանաչվել որպես առաջնորդ, գնահատվել հասակակիցների կողմից, տարբերվել։

Այս երկու միտումները ամեն քայլափոխին բերում են հակասությունների։ Երեխաների համար խմբի անդամ դառնալու պարզագույն ճանապարհը այլոց պահվածքը նմանակելն է։ Մինչև բավականին հասուն տարիք նրանք հիմնականում ձգտում են ավելի շատ նմանվել իրենց շրջապատին, քան առանձնանալ։ Անգամ ինքնահաստատումը հաճախ ենթադրում է խմբային գործողություններ, որոնք ինչ-որ վտանգ են պարունակում՝ բոլորով ծխել, բոլորով փախչել դասերից, դասարանով կռվել այլ դասարանի աշակերտների հետ և այլն։ Մյուս կողմից, ինքնահաստատումը պահանջում է նաև լինել յուրահատուկ, տարբերվող, որպեսզի քեզ ընկալեն և ընդունեն այնպիսին, ինչպիսին դու կաս։ Երեխաները հասունացման տարիքում պառակտված են լինում այս երկու միտումների միջև, այդ պատճառով նրանց քայլերը շատ հաճախ անտրամաբանական են՝ կարող են սիրահարվել, բայց խմբի մեջ հալածել հենց նույն այն երեխային, որին սիրահարված են։ Կարող են ընտանիքում լինել խոհեմ և պատասխանատու, իսկ դասարանում՝ պատուհաս։

Երեխան հիմնականում դառնում է հալածանքի թիրախ, եթե իր մոտ միավորվելու և մնացածներին նմանվելու հետ կապված խնդիրներ են առաջանում տարբեր պատճառներով, և նա փորձում է շեշտը դնել ինքնահաստատման վրա։ Այդ պատճառները շատ են, դրանցից հիմնականներն են՝

  1. Երեխան գալիս է շատ յուրահատուկ ընտանիքից և չի կարողանում հեշտությամբ իր մեջ համատեղել ընտանիքի և հասակակիցների մշակույթը։
  2. Երեխան ունի սոցիալիզացիայի հետ կապված հոգեբանական խնդիրներ կամ աուտիկ սպեկտրի հատկանիշներ։
  3. Երեխան ունի արտաքին շատ տարբերվող հատկանիշներ՝ հասակ, մարմնի կամ տարիքային զարգացման այլ առանձնահատկություններ կամ ինչ-որ արատներ։

Դուք երևի նկատեցիք, որ մինչ այս պահը ես խոսում եմ ոչ թե «վատ» երեխաների մասին, որոնք թիրախավորել են «զոհին», այլ հենց հալածանքի ենթարկվող երեխայի մասին։ Սա պատճառ ունի՝ մեծահասակների ցանկացած գործողություններ կարող են միայն մեղմացնել իրավիճակը և հեշտացնել թիրախավորված երեխայի կողմից հարցը լուծելը, բայց վերջնական լուծումը գտնվում է հենց այդ երեխայի գործողությունների դաշտում, իր խնդիրն է։ Ցանկացած այլ տարբերակ չի բերի կայուն արդյունքի և հակառակը՝ կխորացնի խնդիրը։

Այսպիսով, նման իրավիճակներում մեծահասակների գործողությունները պետք է ընթանան միաժամանակ երկու ուղղությամբ։

Ինչպես աշխատել հալածող խմբի կազմակերպիչ երեխայի հետ

Մի կողմից, պետք է մնացած երեխաների հետ աշխատանք տանել, բերել նրանց գիտակցության, որ իրենց արածը վատ բան է։ Նրանք դա սովորաբար չեն գիտակցում, քանի որ ունեն արդարության սեփական ընկալում, և եթե ամեն մեկին առանձին հարցնես, նրանք հեշտությամբ կարդարացնեն կատարվելիքը։ Ամենասուր դեպքերում խմբում կա կազմակերպիչ՝ խնդրահարույց, լուրջ բարդույթներ ունեցող երեխա, որն ունի առաջնորդին բնորոշ հատկանիշներ և օգտագործում է դրանք այլոց հաշվին ինքնահաստատման համար։ Այդ երեխային պետք է առանձնացնել խմբից և նրա հետ ակտիվորեն աշխատել՝ դարձյալ բերելով գիտակցության, որ իր արածը անընդունելի է և կարող է իր համար ունենալ հետևանքներ։ Նրա համար հիմնական վտանգը խմբի աչքերում հեղինակության կորուստն է։ Երբ նա տեսնի, որ մեծահասակները (մանկավարժները, ծնողները) ակտիվորեն միջամտում են, և դրա շնորհիվ իր հեղինակությունը սկսում է սասանվել, նա կսկսի համագործակցել։ Այստեղ արդեն գալիս ենք այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման հիմնական միջոցին՝ ծնողները պետք է համախմբվեն, մի կողմ դնեն «իմ երեխան», «քո երեխան» հասկացությունները, և համագործակցեն ուսուցիչների հետ՝ դիտելով այս խնդիրը որպես ընդհանուր, այլ ոչ թե միայն մեկ երեխայի խնդիր։

Ինչպես աշխատել հալածանքների թիրախ դարձած երեխայի հետ

Ինչ վերաբերում է հալածանքների թիրախ դարձած երեխային, ապա մանկավարժների և բոլոր ծնողների հիմնական նպատակը պետք է լինի աջակցել այդ երեխային, որպեսզի նա կարողանա հաղթահարել հաղորդակցվելու խնդիրները, գնալով հարթի բոլոր իր դասարանակիցների հետ հարաբերությունները և կայուն, մտերիմ ընկերներ ձեռք բերի։ Մի քանի լավ ընկերներ ունեցող երեխան արդեն շատ ավելի քիչ է հայտնվում հալածանքի թիրախի դերում։ Այստեղ շատ օգտակար է հոգեբանի աջակցությունը, ավելին, սովորաբար այն որոշիչ է։ Մեր երկրում հոգեբաններին դիմելու հետ կապված պատնեշը դեռ տարածված երևույթ է, ինչը ապշեցուցիչ է, հաշվի առնելով այդ ոլորտի կարևորությունը մարդկանց կյանքում։ Չնայած՝ ինչո՞ւ ենք զարմանում։ Մարմնական առողջությունն էլ մեզ մոտ առաջնահերթություն չէ, և շատ մարդիկ գալիս են բժշկի մոտ միայն դրդված՝ անտանելի ցավով կամ մահվան վտանգով։

Այս ամենի հետ մեկտեղ պետք է գիտակցել, որ մի խնդիր լուծելով՝ կարևոր է նոր խնդիրներ չստեղծել։ Մանկավարժությունը ունի մի շատ կարևոր սկզբունք՝ երեխան սովորում է, երբ դժվարություններ է հաղթահարում, և ավելորդ աջակցությունը վնասակար է երեխայի զարգացման համար։ Ե՛ւ մանկավարժները, ե՛ւ ծնողները պետք է դա քաջ գիտակցեն, և միջամտեն միայն այն պահերին, երբ բացահայտ է, որ առանց իրենց աջակցության խնդիրը չի լուծվում։ Իսկ միջամտելիս դարձյալ վստահեն երեխաներին, և հնարավորություն տան նրանց մտածել, գործել և լուծել խնդիրները ինքնուրույն։ Դա այս և բազմաթիվ այլ նման խնդիրների կայուն հաջողության հիմնական գրավականն է։ Երեխաների տեսակետը պետք է հավասարապես կարևորվի, նրանք պետք է քննարկեն և որոշեն, թե ինչ են անում և ինչպես։ Մեծահասակների դերը պետք է լինի աջակցելու, ուղղորդելու և հետևելու մեջ, այլ ոչ թե միջամտելու և երեխաների միջև կամ երեխաների փոխարեն հարցերը լուծելու։ Անընդունելի է, երբ ծնողները դառնում են երեխաների ընդհարման մասնակիցներ, սպառնում են երեխաներին, այլ ծնողներին կամ մանկավարժներին։ Դա միայն խորացնում է խնդիրը և շատ վատ օրինակ է ծառայում երեխաների համար։

Եթե հալածանքի հետ աշխատանք տարվի դպրոցներում, այն չի դառնա խնդիր բանակում

Խմբային հալածանքը, այսպիսով, բնական երևույթ է, այն բխում է երեխաների տարիքին բնորոշ վարքագծից, և որևէ դպրոց չի կարող դրանից խուսափել։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք այն, արդարացնենք երեխաներին և չգործենք՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ այն ինչ բնական է, ճիշտ է։ Մշակույթը, որը մարդկության անբաժանելի մասն է, և որի զարգացման և սերնդից սերունդ փոխանցման մեջ դպրոցը ունի ամենամեծ դերը, հենց նրա համար է, որ սահմանափակի մարդու բնական դրսևորումները՝ դարձնելով նրան առողջ և արդյունավետ հանրության լիարժեք և երջանիկ անդամ։

Խմբային հալածանքի ամեն դեպք շատ լավ միջոց է դպրոցի և ծնողների համար ձևավորելու երեխաների մոտ կայուն մշակույթ՝ հիմնված մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, սիրո, հոգածության, արդար հանդուրժողականության և այլ բազմաթիվ կարևորագույն արժեքների վրա։ Այն պետք է դառնա երեխաների հետ երկարաժամկետ աշխատանքի մեկնարկ, որի նպատակը պետք է լինի ոչ թե արգելելը, այլ երեխաների գիտակցությունը զարգացնելը, նրանց հարաբերությունները կայունացնելը և ներդաշնակեցնելը, նրանց կողմից փորձը գիտակցելը և հետևություններ անելը։

Եթե հալածանքի հետ նման աշխատանք տարվի դպրոցներում, ապա այն չի մեծանա երեխաների հետ՝ դառնալով խնդիր բանակում, մտնելով կազմակերպությունների մշակույթ, մեր քաղաքական և հասարակական կյանք, թունավորելով մեր միջավայրը և ապագան։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել