Ադրբեջանի ԱԳՆ-ն Շուշիի դեպքը համարում է «Հայաստանի հերթական սադրանքի հետևանք»

Նոյեմբերի 8-ին Շուշի տանող խաչմերուկում ադրբեջանական զինված հարձակումը հայ քաղաքացիական անձանց դեմ այդ երկրում համարում են «Հայաստանի հերթական սադրանքի հետևանք»։

Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը «պարզաբանելով» կատարվածը՝ նշել է․ «Սովորաբար այդ շրջանում ցանկացած գործունեություն նախաձեռնելուց առաջ այդ մասին տեղյակ է պահվում ռուսական խաղաղապահ ուժերին, և այդ գործողությունն իրականացվում է խաղաղապահների ուղեկցությամբ, սակայն այս անգամ ռուսական խաղաղապահ ուժերը որևէ տեղեկություն չեն ստացել և [նրանք] աշխատանքներում մասնակցություն չեն ունեցել, ինչը լուրջ հարցեր է առաջացնում»:

«Այդ ժամանակ Շուշիում Ադրբեջանի նախագահի և պետական այլ պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառման անցկացման համար անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել: Դա իմանալով՝ տեղանքին հարող տարածքում ջրի խողովակների վերանորոգման աշխատանքների կատարումը անտրամաբանական է»,- նշել է պաշտոնական Բաքուն։

Հաղորդագրությունում «սադրիչ» քայլ է որակվել նաև Հայաստանի ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանի այցը Արցախ, որն իբրև թե ոչ միայն ստվերում է ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, այլ նաև՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը:

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը Ստեփանակերտից Շուշի տանող մոտական ճանապարհին կրակել են ջրատար խողովակների վրա աշխատող հայ քաղաքացիական անձաց վրա, որի հետևանքով մահացել էր 22-ամյա երիտասարդ։ Եվս երեք անձ տեղափոխվել էին հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը կայուն ծանր է։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել