Ռուսաստանի ՊՆ-ը հաստատել է, որ Շուշիի հատվածում ադրբեջանական կողմը կրակել է 4 արցախցիների վրա

russian peacekeepers- խաղաղապահներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է նոյեմբերի 8-ին Շուշիի հատվածում տեղի ունեցած միջադեպը։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում ասվում է, որ «ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակահերթ է իրականացվել», որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, մեկը՝ սպանվել:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Նոյեմբերի 8-ին, ժամը 13.40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակահերթ է իրականացվել չորս հոգուց բաղկացած Լեռնային Ղարաբաղի աշխատողների խմբի ուղղությամբ, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում:

Նոյեմբերի 8-ին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Արցախցիներից մեկը մահացել էր, երեքը տեղափոխվել էին Ստեփանակերտի հիվանդանոց։ Վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության։