Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել է, որով դատապարտում են նոյեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը։ Նրանք կոչ են անում «ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին՝ դիմել կոշտ միջոցների»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը:
Խուճապային մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։
Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը նոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկին ահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարման աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդյունքում սպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։
Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում:
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների»,- ասված է հայտարարությունում։