Կալանավորվել է Քասախ համայնքի ղեկավարը

Հայաստանի քննչական կոմիտեն պարզել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Ըստ հաղորդագրության՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը նույն համայնքի բնակչին վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև վերջինիս օտարելու նպատակով, կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք ու հողատարածքի ուրվագծային հատակագիծ։ Նշված հողատարածքը ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ թաքցնելով այդ հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը։

«Այնուհետև Քասախ համայնքի նույն բնակչի հետ կնքելով վարձակալության պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վերջինիս վարձակալությանը։ Գիտակցելով, որ գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է՝ Քասախ համայնքի ղեկավարը վերոնշյալ բնակչի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783 000 դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, Քասախ համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական արձանագրություններ է կազմել, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին անձանց մասնակցության, կատարված քայլերի և իբրև թե առավելագույն գին առաջարկելու պայմաններում իր մտերիմներին հաղթող ճանաչելու վերաբերյալ: Արդյունքում, պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած՝ ընդհանուր 43 մլն դրամի վնաս:

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։ Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեկնաբանել